Последние новости

Մահեր հայկական բանակում. պատգամավորը նշել է խնդրի պատճառը և լուծման ուղիները

Հայկական բանակում տեղի ունեցած հերթական ողբերգական միջադեպերը ստիպում են նորից կենտրոնանալ զինված ուժերում առկա կարգապահական խնդիրների վրա։ Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ երկու դեպքում էլ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում մահացածները սպաներ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը։

«Իհարկե բանակում մահվան յուրաքանչյուր դեպք ծանր կորուստ է, սակայն այս դեպքում առավել մտահոգիչ է ժամկետային զինծառայողի կողմից սպայի սպանության փաստը։ Այժմ քննություն է ընթանում, իրավապահ մարմինները պետք է բացահայտեն ողբերգության հանգամանքները, սակայն այս իրավավիճակում արդեն իսկ կարելի է ասել, որ առաջին հերթին սա կարգապահական խնդիրներից է բխում, սա հետևանք է այդ տեղում առկա ոչ առողջ հարաբերությունների»,–ասաց պատգամավորը։

Աբրահամյանը կարծում է, որ միայն պաշտոնանկություններով կամ զորամասի հրամանատարության նկատմամբ կարգապահական միջոցներով խնդիրը չի լուծվի:

«Նմանատիպ դեպքերն անհրաժեշտ է կանխարգելիչ միջոցառումներով վերացնել, որպեսզի չհասնի այդ վերջին քայլին, երբ արդեն պատժում են կոնկրետ օղակի պատասխանատուներին։ Դրանով իրավիճակը որևէ ձևով չես կարող շտկել, որովհետև արդեն միջադեպը տեղի է ունեցել` մահվան ելքով։ Դրա համար ՊՆ-ում տարիներ շարունակ ներդրվել են տարբեր միջոցառումներ, որոնց նպատակը եղել է այսպիսի միջադեպերի կանխարգելումը շատ ավելի վաղ փուլերում»,–ընդգծեց նա։

Իհարկե, նման միջադեպերն ու խնդիրները, ըստ Աբրահամյանի, լիովին բացառել հնարավոր չէ։ Բանակը բարդ կառույց է, և ժամանակ առ ժամանակ կարող են լինել տարբեր տեսակի արտակարգ պատահարներ։ Բանակային հրամանատարության և ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրը դրանք նվազագույնի հասցնելն է։

Բանակում մթնոլորտի առողջացման համար անհրաժեշտ է մշտական և երկար աշխատանք անձնակազմի հետ, անհրաժեշտ է տարբեր օղակների փոխգործակցություն։ Օղակներից մեկի ձախողումը կարող է հանգեցնել նման հետևանքների։

Հիշեցնենք, որ հունվարի 9–ին զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վերքով: Քննչական կոմիտեն հայտնեց, որ զինծառայողը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակին արձակած կրակոցի հետևանքով։ Նույն օրը, հունվարի 9-ի առավոտյան պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ դարձյալ հրազենային վերքով։ Պարզվեց, որ զինծառայողի վրա կրակել էր նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ