Последние новости

Շարմազանով․ Թուրքերի ուզածն էլ դա է, որ հայը հիասթափվի ու լքի իր հայրենիքը

Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդրի լուծում չէ, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նա ավելացրել է«Վերջին շրջանում հաճախ եմ լսում «գնալու եմ երկրից» արտահայտությունը, որը կապված է խայտառակ կապիտուլյացիայի, Արցախի հայաթափման, թուրքական օրակարգով գործելու կապիտուլյանտների որոշման և ինչու չէ՝ ընդդիմադիրներիս ոչ արդյունավետ գործելու հետ։

Չմեղադրելով նման կարծիք ունեցողներին՝ այնուամենայնիվ, համամիտ չեմ նրանց հետ։

Հայաստանն Արարչի կողմից մեզ տրված հայրենիքն է և մեր նպատակը որպես ազգ՝ ապրել ու արարելն է մեր հայրենիքում՝ պաշտպանելով ու շենացնելով այն։ Պարտություններից հետո արտագաղթի ճամփան բռնելը նոր երևույթ չէ, այն եղել է միջնադարում և անշուշտ թուլացրել է մեր ազգային դիմադրողականությունը։

Մենք թուլացանք որպես ազգ, երբ 1021թ. Արծրունիները Վասպուրականի թագավորությունը հանձնեցին Բյուզանդիային, իսկ Սենեքերիմ Արծրունին 14 հազար մարդկանց հետ գաղթեց Սեբաստիա։ Թուլացանք, երբ Անին հանձնեցինք և սփռվեցինք աշխարհով մեկ՝ Կիլիկիայից մինչև Կիևյան Ռուսիա և Լեհաստան։

Դարեր անց՝ մեզնից ոմանք փորձում են հերթական անգամ բախտ որոնել «օտար ամայի ճամփեքին»։ Այսօր էլ Արցախն են հանձնել թուրքին, հիմա ի՞նչ պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը։

Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդիրներ լուծելու լավագույն ճանապարհ չէ։ Ավելին՝ փախուստ է խնդրից։

Իսկ խնդրի լուծումը հետևյալն է. մնալ, ապրել, պայքարել հայրենիքում։ Ապրել ու պայքարել հանուն Հայաստանի և Արցախի։

Թուրքերի ուզածն էլ դա է, որ հայը հիասթափվի ու լքի իր հայրենիքը։ Հեշտ է լինելու՞։ Իհարկե՝ ոչ։ Բայց այլ ճանապարհ չկա։

Պետք է ապրել պետության գահավիժումը կանգնեցնելու, հայրենիքը թուրքերին չհանձնելու և պետականության «փշրանքները» պահպանելու համար»։

Aysor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ