Последние новости

«Հայաստան» խմբակցություն․ Փաշինյանը հերթական ուղերձն է հղում Ադրբեջանին և Թուրքիային

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներերը կարծում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է նախաձեռնել նոր հարձակում Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնասյուներից մեկի՝ ՀՀ սահմանադրության վրա՝ հող նախապատրաստելով թուրք-ադրբեջանական չդադարող պահանջներից հերթականի բավարարման համար: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

«Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում կողմերի առաջարկներին ծանոթանալուց հետո մեր հնչեցրած մտահոգությունները, կապված ընթացող բանակցային գործընթացի տրամաբանության և ադրբեջանական նախապայմանները բավարարելու հետ, այսօր, ցավոք, հաստատվեցին ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններով: Փաշինյանը նաև խոստովանել է, որ նման հայտարարության շարժառիթ է «քաղաքական որոշումների լեգիտիմությունն ապահովելը»»,–նշված է հայտարարության մեջ։

Ընդդիմադիր պատգամավորների խոսքով` Փաշինյանի հայտարարությունը հերթական ուղերձն է հղում Ադրբեջանին և Թուրքիային։

Նրանք հիշեցնում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ՀՀ-ին ներկայացնող մշտական պահանջներից է եղել ՀՀ հիմնարար փաստաթղթերից հեռացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սատարմանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելու դրույթները։

Հայտնել ենք, որ հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանն ասել է` Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն։ Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական նոր պայմաններում: Ընդ որում, նա հատուկ ընդգծել է, որ ՀՀ կառավարման մոդելի փոփոխություն չի դիտարկվում, այն պետք է մնա խորհրդարանական։

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 2023–ին հայտնեց, որ 2024 թվականի վերջին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ կլինի։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ