Последние новости

Իշխան Սաղաթելյան. Առաջիկայում սպասվում են քաղաքական զարգացումներ

Առանց չափազանցնելու, այս օրերին դրված է Հայաստանի պետականության գոյության հարցը: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, Չարենցավանում հանրության հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ Հայաստանի շուրջը ձևավորվել է նոր մարտահրավերներով ու սպառնալիքներով իրավիճակ, և պետք է քննարկել դրանից դուրս գալու ուղիները:

«Ցավոք, այն խնդիրները, որ մենք դրել ենք մեր առջև, դեռևս լուծված չեն, ծանրագույն մարտահրավերները կանգնած են մեր առջև: պատերազմից հետո ակնհայտ էր, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու, երկիրը պետական, ազգային դիմագիծ վերադարձնելու համար իշխանությունը, որը բերեց պարտություն, պետք է հեռանա: Նախորդ 3,5 տարիների ընթացքում մեր գլխավոր օրակարգը եղել է իշխանափոխությունը, քանի որ այս իշխանությունների դեպքում հնարավոր չէ ստեղծված իրավիճակից դուրս գալ: Միակ ելքը սրանից ազատվելն է: Ցավոք, մեր օրակարգը մեծ համաժողովրդական աջակցություն չի ստացել:

Թուրք-ադրբեջանական տանդեմը Արցախում ցեղասպանություն իրականացնելուց հետո արդեն Հայաստանի տարածքային պահանջներից զատ դնում է ինքնության ոչնչացման խնդիր: ՀՀ իշխանությունները սրան դիմագրավելու, դիմադրելու, սահմանները պաշտպանելու փոխարեն հետևողականորեն կատարում է Թուրքիայի ու Ադրբեջւանի պահանջները:

Բացի դրանից, այս իշխանությունների արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների ազդեցությունների բախման գոտի: Հայաստանի ղեկին ոչ հայկական իշխանություններ են, որոնք շարունակում են թշնամական ծրագրերը»,-ասաց Սաղաթելյանը:

Խոսելով նոր Սահմանադրություն ընդունելու իշխանության ծրագրերից, նա ասաց, որ դա Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջն է և դա կործանման ճանապարհ է. «Մենք պետք է կազմակերպենք ժողովրդին, դուրս գանք պայքարի և այդ հանրաքվեն վերածենք այս իշխանության անվստահության հանրաքվեի և դրանից անմիջապես հետո հասնենք իշխանափոխության: Մենք նույնիսկ չպետք է թույլ տանք, որ այդ հանրաքվեն տեղի ունենա: Սա մեկ ճանապարհ է:

Երկրորդը, գիտեք, որ Ադրբեջանի հետ քննարկվում է կապիտուլյացիայի պայմանագրի ստորագրման հարց: Սա ներկայացնում են իբրև խաղաղության պայմանագիր: Այդ փաստաթղթին մենք ծանոթ ենք: Դա խաղաղության հետ կապ չունեցող փաստաթուղթ է, այնտեղ չկա որևէ կետ, որ մեր օգտին է: Այդ փաստաթղթով Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի 29 800 քկմ տարածքը: Դրանով նույնիսկ սահմանագծման և սահմանազատման հարցը չի լուծվում, դա թողնում են հետագային: Կարճ ասած, դա մի փաստաթուղթ է, որով Արցախի օկուպացիան փորձում են լեգիտիմացնել, և դրանով չի զսպվում Ադրբեջանի հետագա ագրեսիան»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը:

Նա նկատեց, որ այսօր չկա որևէ փաստաթուղթ, որով Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում. «Արցախն այսօր էթնիկ զտման հետևանքով թշնամու ենթակայության տակ է: Նիկոլ Փաշինյանի բանավոր հայտարարությունները իրավական ու լեգիտիմ հիմք չեն: Դրա համար է Ադրբեջանը շտապում, որ ունենա իրավական փաստաթուղթ, որը կվավերացվի նաև ՀՀ ԱԺ-ի կողմից, որ օրինականացնի արցախահայության նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը: Եթե այս ամենին լինի համարժեք հակազդեցություն, մենք միասնաբար սա կկանխենք»,-ասաց ընդդիմադիր գործիչը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ