Последние новости

ԱՅՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՈՒՄԸ» ԲԼԵՖ Է, ԳԻՏԵՆ ՆԱԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳԵՈՊՈԼԻՏԻԿ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ

Հայաստանի իշխանական մեդիատիրույթի «ժողովրդավարական» դատարկախոսությանը զուգահեռ՝ միջազգային ոլորտային կառույցների կողմից շարունակում են հրապարակվել տարեկան զեկույցներ մեր երկրում տիրող իրական վիճակի մասին:

Հերթական հոդվածն ուզում եմ նվիրել անգլիական հեղինակավոր պարբերականի` The Economist-ի համապատասխան վերլուծական կենտրոնի` EIU-ի կողմից իրականացված գնահատականներին աշխարհում ժողովրդավարության մասին` Democracy index: Մինչ բուն տվյալներին անդրադառնալը թույլ տվեք հիշեցնել, որ, ըստ մեթոդաբանության, հետազոտողները հինգ խմբերի բաժանված 60 ցուցանիշներով երկրները դասակարգում են 4 խմբերի` լիարժեք ժողովրդավարություններ, թերի ժողովրդավարություններ, հիբրիդային ռեժիմներ և ավտորիտար ռեժիմներ:

Եվ այսպես, ըստ այս հեղինակավոր հետազոտության, Հայաստանը կրկին դասվել է հիբրիդային ռեժիմով պետությունների շարքին, հակառակ ժողովրդավարության մասին իշխանական մեյմունությունների: Այսինքն` մեր երկրում ընտրություններն անցնում են էական խախտումներով, որոնք թույլ չեն տալիս դրանք ազատ և արդար գնահատել: Օրենքի գերակայությունը թույլ է, իսկ կոռուպցիան լայն տարածման միտում ունի: Թույլ է նաև քաղաքացիական հասարակությունը, դատական իշխանությունն անկախ չէ, իսկ լրագրողների վրա ճնշումներ են գործադրվում:

Ահա սա է նիկոլական «ժողովրդավարության» իրական պատկերը:

Ավելին, Հայաստանը ոչ միայն մնացել է հիբրիդային ռեժիմ, այլև վատթարացրել է իր ցուցանիշները նախորդ տարվա համեմատ` նահանջելով 2 դիրքով և զբաղեցնելով ընդամենը 84-րդ տեղը աշխարհում՝ ըստ ժողովրդավարության մակարդակի: Այս առումով մեր «բաստիոնը», մեր «փարոսը», մեր «ուղենիշային աստղը» զիջել է ոչ միայն եվրոպական երկրներին, այլև Բանգլադեշին, Մալավիին, Զամբիային, Սենեգալին, Շրի Լանկային և անգամ Պապուա Նոր Գվինեային…

Վատացել է նաև Հայաստանի գնահատականը` դառնալով 5.42՝ տասից, և նվազելով 0.21 բալով:

Խիստ դիտարժան են նաև զեկույցի տեքստային անդրադարձները Հայաստանին: Արձանագրվել է, որ «Լեռնային Ղարաբաղի կորուստը թուլացրել է Հայաստանի ժողովրդավարությունը», իսկ աջակցությունը Փաշինյանին և նրա կառավարությանը ենթարկվել է կատարյալ կոլապսի:

Այս արձանագրումները հատկանշական են 3 լրացուցիչ պատճառներով.

1. Լեռնային Ղարաբաղի գոյությունը վնաս չէր Հայաստանի ժողովրդավարությանը` ի հեճուկս նիկոլական քարոզիչների բամբասանքների

2. Լեռնային Ղարաբաղի կորստի պրոբլեմների տակից Փաշինյանի կառավարությունը ոչ թե «պատվով» է դուրս եկել, ինչպես նա սիրում է գլուխ գովել, այլ կառավարության գործունեության ձախողմամբ` 5.71 բալից նվազելով 4.64-ի:

3. Կատարյալ կոլապսի արդյունքում Փաշինյանը և իր կառավարությունը լեգիտիմ լինել չեն կարող:

Թեպետ այս տարվա Democracy index-ը վաղուց է հրապարակվել, իմ վկայակոչած փաստերի մասին իշխանական մեդիա-կայսրությունը համառորեն լռում է, թեպետ անցյալ տարի, երբ Հայաստանին տրված գնահատականներն ավելի պոզիտիվ էին, այդ մասին փաշինյանական տեղեկատվական գործիքները բարձրաձայնում էին ամեն մի թեյնիկից և արդուկից: Ավելին, Նիկոլ Փաշինյանն անձամբ էր մեջբերում The Economist-ի գնահատականները, օրինակ` Բայդենի կազմակերպած «ժողովրդավարությունների գագաթնաժողովին»:

Ամփոփելով հերթական միջազգային զեկույցի տվյալները, կրկին հանգում ենք նույն եզրակացություններին, ինչ FREEDOM HOUSE-ի զեկույցի դեպքում: Որքան էլ արևմտյան քաղաքական շրջանակները գուրգուրեն Նիկոլի նոսրացող վարսերն իր գեոպոլիտիկ խաղերի համար, նրանք լավ գիտեն նիկոլական ռեժիմի իրական դեմքը, և հարկ եղած դեպքում կօգտագործեն նրա մասին եղած ողջ ինֆորմացիան՝ ոչ միայն հաստափոր զեկույցներում, այլև՝ կոնկրետ գործողություններում:

Այն, որ Հայաստանի «ժողովրդավարացումը» մի մեծ ու փնթի բլեֆ է` գիտեն ոչ միայն Հայաստանի շարքային քաղաքացիները, այլև Փաշինյանի գեոպոլիտիկ հովանավորները: Անպատասխան է մնում ընդամենը մեկ հարց. այդ փուչիկը կպայթի Նիկոլի՞, թե՞ հայ ժողովրդի դեմքին:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

10.03.2024

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ