Последние новости

«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնել

«Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմում է ՀՀ ԱԺ երեք խմբակցություններին և անկախ պատգամավորներին ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու և քվեարկության դնելու պահանջով՝ համաձայն ՀՀ սահմանադրության 115 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի։ Այս մասին նշված է շարժման տրածած պահանջագիր-հայտարարությունում:

Պահանջագրում նաև ասվում է. «Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հիմքը նրա կողմից 2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.)» օրենքի ուժ ունեցող փաստաթղթի հիմնական բովանդակության բացարձակ խախտումն է։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը փաստում է, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխի 146 հոդվածի 2 կետի համաձայն «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը», ինչպես նաև 152-րդ հոդվածի 1-ին կետով «Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը»: Հավելում ենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ գխի 7-րդ հոդվածի 1-ին կետով «Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են Կառավարության անդամների համար»։

Մի քանի օրինակներով բացահայտենք վերոհիշյալ ծրագրի հռչակած հատկապես ռազմավարական նշանակության դրույթների և կառավարության իրականացրած քաղաքականության միջև ակնհայտ անհամապատասխանությունը։ Նախաբանի առաջին պարբերությունում նշված է՝ «Ծրագիրը հիմնված է 2021թ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի դրույթների, ՀՀ քաղաքացիների առջև ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ ռազմավարության վրա»։

Ընթերցելով «Նախաբանի» կետերը, համոզվում ենք, որ ՀՀ Կառավարությունը, կարևորագույն սկզբունքներ հռչակելով, գործնականում վիժեցրել է դրանց բովանդակային իրագործումը։ Այսպես, խոստում՝ «Կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ։ Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող

խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը կառավարության առաջնահերթ խնդիրներից է »։ Ինչպես անում են, առանց մեկնաբանության։

Ծրագրային խոստումները ենթակա էին պարտադիր կատարման, իսկ եթե դրանք ինչ-ինչ պատճառներով պետք է վերափոխվեին, ապա միայն ԱԺ կողմից ընդունված որոշումներից հետո։ Փաստ է, որ կառավարությունը ԱԺ չի դիմել և ինքնագլուխ իրականացրել է հայտարարածին հակառակ քաղաքականություն։

Մասնավորապես, գլուխ առաջին՝ «Անվտանգություուն և արտաքին քաղաքականություն»։

Մեջբերում՝ «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործոններն են՝ Հայոց արդիականացվող բանակը, հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, բոլոր ուղղություններով նախաձեռնողական և արդյունավետ ներգրավման արտաքին քաղաքականությունը , ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը և այլն»։

Հայոց արդիականացվող բանակն առ այսօր ձեռք չի բերել ժամանակակից սպառազինության այնպիսի տեսակներ, որի առկայությունը կզսպի թշնամու՝ մեր երկրի տարածքների նկատմամբ անհեթեթ և անհիմն պահանջատիրությունը։

Ռազմաարդյունաբերության ոլորտը զարգացման տեսանկյունից, մրցունակ չէ, չի համապատասխանում արդիականացվող բանակի պահանջներին։ Դրա մասին են վկայում լայնածավալ զորավարժությունների բացակայությունը, ռազմական շքերթների իսպառ վերացումը, ինչը ժողովրդին և, հատկապես, թշնամուն, ի ցույց կդներ հայկական բանակի բացահայտ և թաքնված հզորությունը։

Հայ-ռուսական ռազմավարական դաշինքին վերաբերող պարբերությունում ամրագրված արձանագրում-պարտավորությունները, ոչ միայն չեն կատարվել, այլ ամբողջությամբ տապալվել են։ ՀՀ կառավարությունը հարկ չի համարել դիմելու ԱԺ-ին՝ ռազմավարական դաշնակցի հետ իր կողմից խաթարված ծրագրի նոր սկզբունքները հաստատելու համար։ Կեղծ և մոլորեցնող նարատիվը, թե մենք հետապնդում ենք խաղաղության օրակարգ, միայն ոգևորում է թշնամուն՝ Հայաստանին նոր տարածքային պահանջներ պարտադրելու հարցում։

«ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին» պարբերությունում կառավարությունը հավաստիացրել է, որ «շարունակելու է ակտիվրեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին․․․ որը լավագույնս կարտացոլի և կսպասարկի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները»։

Թե ինչ քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված կառույցի հետ բնականոն կանոնադրական փոխհարաբերությունների խաթարումը, ապագայի քննարկման հարց է։ Սակայն փաստ է, որ ՀՀ կառավարությունը չի տիրապետում կամ միտումնավոր անտեսում է խորքային, արշխարհաքաղաքական գործընթացների կանխատեսումը և դրանից բխող հետևանքները։

Մեկ այլ օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ենթաբաժնում հատուկ շեշտվում է համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման հարցում։ Ավելին, Արտաքին քաղաքականության ենթաբաժնում ուղղակի նշված է ՝ «Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են՝ Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը․․․․․․»։ Որպես կառավարության գլխավոր խնդիր է հայտարարվել «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումը» և, մասնավորապես, «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։

Այսինքն, ՀՀ կառավարությունը 2021թ չի էլ նախատեսում Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչել։ Իսկ արդեն մեկ տարի անց, ազգային-ազատագրական պայքարի արդյունք Արցախի Հանրապետության տարածքը ՀՀ վարչապետի բանավոր հայտարարությամբ Ադրբեջանի մաս ճանաչելը ոչ այլ ինչ է, քան գործող Սահմանադրության, Անկախության Հռչակագրի կոպտագույն խախտում և ևս մեկ լուրջ հիմք նրան անվստահություն հայտնելու համար։

Հաշվի առնելով, որ սույն Պահանջագրին կցում ենք մեր կողմից կազմված «100 պատճառ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար» գրքույկը, որում համակարգված ներկայացված են նրա գործունեությունը բնորոշող փաստերը, կանդրադառնանք ՀՀ կառավարության վերջին հայտարարություններին միջպետական տարածքային փոփոխությունների վերաբերյալ։ Հիշեցնում ենք, որ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն կամ զիջում, ինչպիսի «հիմնավորում» էլ որ ներկայացվի, կարող է իրականացվել միմիայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Հակառակ պարագայում դա սահմանադրական նորմի և կարգի խախտում է՝ իր բոլոր հետևանքներով՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցությունը 2021 թ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է նախընտրական պայքարին և ստացել ՀՀ ընտրողների մեծամասնության քվեն ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական կողմնորոշումներին և նպատակներին վերաբերող այն հիմնադրույթներով, որոնք օգոստոսի 18-ին դարձել են իր ղեկավարած կառավարության 2021-2026 թթ ծրագրի առաջնահերթությունները։

ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ։ Սակայն 2021 թ ընտրություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը խախտել է իր իսկ ծրագրի գրեթե բոլոր հիմնադրույթները՝ իրականացնեով տրամագծորեն հակառակ ուղեգիծ, այսինքն՝ նա պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից՝ որպես իր ծրագիրը ձախողած, ժողովրդի քվեից զուրկ անձ։

Դիմելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների պատգամավորներին, զգուշացնում ենք՝ յուրաքանչյուրդ կրում եք անձնական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայ ժողովրդի ճակատագիրը նախանշելու հարցում։

Հայի ազգային նկարագիրը ձևավորվել է որպես իր ինքնությունը պահպանող, ազգային արժեհամակարգին հավատարիմ, ընտանիքը պաշտպանող, Հայրենիքի և պետության համար մարտնչող, թշնամու առջև չընկրկող, արժանապատիվ մարդ։ Այսօր ձեր անհատական որոշումից է կախված՝ դուք համապատասխանու±մ եք ներկայացված պահանջներին թե± ոչ։

Գործող վարչապետին անվստահություն հայտնելու մեր պահանջը հիմնավոր է և բխում է մեր պետական և ազգային շահերից։

«Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, օրենքին համապատասխան, պատրաստ է ներկայացնել ՀՀ վարչապետի թեկնածու։

Սույն Պահանջագիրը կներկայացվի մարտի 27-ին ժամը 18։00-ին կայանալիք համահավաքի մասնակիցներին։

Ձեր որոշումն ակնկալում ենք ստանալ մինչև 10042024թ։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ