Последние новости

Արարատի կոնյակի գործարանում ՍԱՏՄ-ն վերահսկողություն կիրականացնի. Բելառուսից նամակ է եկել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Բելառուսի ստացած գրության հիման վրա Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում կիրականացնի վերահսկողական միջոցառումներ։ Այդ մասին նշված է ՍԱՏՄ հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսի գլխավոր սանիտարական բժիշկ Ալեքսանդր Տարասենկոն հրաման էր ստորագրել Արարատի կոնյակի գործարանի արտադրանքի ներկրումն արգելելու մասին՝ այն հիմքով, որ նռան գինու մեջ ազորուբին ներկանյութ է հայտնաբերվել:

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության նամակն ուղղված ՀՀ առողջապահության նախարարությանն այն մասին, որ երկրում բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում օրենսդրության պահպանման նպատակով իրականացվող պետական սանիտարական վերահսկողության ընթացքում, արձանագրվել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող սննդամթերքի շրջանառության փաստ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Գրության մեջ նաև մասնավորապես նշված է, որ «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ արտադրության բնական կիսաքաղցր, ցածր ալկոհոլային «Այրում» նռան գինու լաբորատոր փորձաքննության արդյունքներով հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ ազորուբին (E122), ինչն այդ արտադրանքի հավանական կեղծման նշանների ցուցիչ է:

Բելառուսից հիմնավորել են` դա է պատճառը, որ հանրապետությունում ժամանակավորապես սահմանափակվել է տվյալ ընկերության «Այրում» նռան գինու ներմուծումն ու շրջանառությունը։

ՍԱՏՄ–ից նաև նշում են, որ Բելառուսի գրության մեջ նշված չէ, թե «Այրում» նռան գինու ո՞ր խմբաքանակում է հայտնաբերվել անհամապատասխանությունը, արդյո՞ք ստուգվել են այլ խմբաքանակներ ևս և այլ մասնագիտական մանրամասներ:

«Արձանագրելով տվյալ հաղորդագրությունը որպես ահազանգ, ՍԱՏՄ–ն գործարանում կիրականացնի վերահսկողություն` ստուգելու համար Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանությունների հավաստիությունը, ինչպես նաև կդիմի բելառուսական կողմին` սահմանափակումների որոշակի մանրամասներ հստակեցնելու համար»,– ասված է ՍԱՏՄ հայտարարության մեջ:

Ստացված արդյունքների մասին ՍԱՏՄ-ն կհրապարակի լրացուցիչ հաղորդագրություն:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ