Последние новости

Բագրատ Սրբազան․ Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս երթն անձերի մասին չէ սա մարդկանց սրտերում արձանագրված այն բոլոր տեսակի տառապանքներից, նվաստացումներից ազատվելու, մեղքից վերականգնվելու և ինքնամաքրվելու, ինքնաճանաչողության և ինքնագնահատական ունենալու շարժում է։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, իր խոսքում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

 


«Ով ճանաչում է իր ազգին, խորությամբ է ճանաչում, ոչ թե խոսքով կամ պատմության գրքերում կարդալով, նա այդպես կվարվի։ Մեր բոլոր դժվարություններն ու տառապանքները բխել են նրանից, որ մեր գոյաբանական վիճակը մեծ, չքնաղ, ընտրված լինելու վիճակը չենք կարողացել տեղափոխել մեր ամենօրյա կյանք, դարձնել վարքագիծ։ Այս երթը մեզ համար պիտի դառնա հաղթանակի երթ, պիտի դառնա մեր ինքնամաքրման երթը, սա չակնկալիքի երթ է, սա միայն հայրենիք ու պատիվ ստանալու երթ է»,- նշեց Սրբազանը։

Նա շեշտեց, որ սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա «Ոսկեպարում, Կիրանցում, Բաղանիսում հոգին հաղթել է դուխին, այս ճանապարհը պիտի լինի այն պատճառն ու միջոցը, որ եռագույնը հաղթի սևին ու սպիտակին։ Հոգևոր Հայաստանը կհաղթի թազա Հայաստանին։ Իրական Հայաստանը պետք է հաղթի կեղծ, ֆեյսբուքյան Հայաստանին։ Մեզ հալածողներին օրհնում ենք, սա իրենց համար էլ է»։

Բագրատ Սրբազանը շեշտեց, որ պատերազմի հրձիգը ինքը չէ «Իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել, եթե որևէ բան պատահի, ապա իրենք պարտավոր են պաշտպանել երկրի անվտանգությունը։ Երկրի ներսում ինչ տեղի կունենա, ոչ արտաքին ուժերի խնդիրն է, ոչ էլ թշնամիների խնդիրն է, սա իրենց առաջնահերթ պարտականությունն է, եթե չեն կարող պաշտպանել, ապա եզրակացությունը թողնում են ձեզ»։

Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ արդեն 3-րդ օրն է` շարունակում են քայլերթը, այսօր էլ այն մեկնարկեց Սևանի թերակղզու խաչմերուկից։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ