Последние новости

«Պատրաստվեք ձեր հաղթանակին»․ Բագրատ Սրբազանը շարունակում է հանդիպումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 17-ին Երևանի պետական համալսարանում բաց դաս է անցկացրել, իսկ «Անի Գրանդ» հյուրանոցում մեկնարկել է նրա հանդիպումը բժիշկների հետ։

 

«Համալսարանը կամ որևէ ուսումնական հաստատություն զուտ գիտելիք ստանալու համար չէ։ Կրթությունը, լայն իմաստով, առաքինի մարդ կերտելու մասին է։ Մենք պետք է մտածենք ոչ թե քաղաքացիական, այլ բարոյական հասարակություն ստեղծելու մասին։ Ձեր աչքի առաջ քաղաքացիական հասարակությունը քանդվել է։ Ինչո՞ւ, որովհետև որևէ կերպ չի արձագանքում ոչնչի։ Իսկ բարոյական հասարակությունն ասելիք ունի»,- ԵՊՀ բակում ասել է Սրբազանը։

Նա ուսանողներին «հաղթանակի պատրաստվելու» կոչ է արել։

«Լավ պատրաստվեք ձեր հաղթանակին, որը կոչվում է՝ «թող բարձրանա ճշմարտության կողմը»»,- ասել է նա։

Շարժումն ավելի վաղ հայտարարել էր, որ ժամը 18։00-ին Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հանդիպում է տեղի ունենալու շարժմանը սատարած և այդ մասին հայտարարությունը ստորագրած դասախոսների հետ։

Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում մայիսի 17-ին հայտարարել էր առաջիկայում մեծ հանրահավաք հրավիրելու մասին։

Մայիսի 15-ին ԵՊՀ ավելի քան 50 դասախոս աջակցություն էր հայտնել շարժմանն ու պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել ՀՀ ԱԳՆ-ի՝ ապրիլի 19-ին հայտարարությունից հետո, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշից։ Բնակիչները հայտարարել էին, որ դեմ եմ Հայաստանի զիջումներին։ Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, ուր հասել էին մայիսի 9-ին և նույն օրը հանրահավաք անցկացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում են ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահության գործընթաց սկսել։ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կոչ էր արել մայիսի 13-ի առավոտից անհնազանդության ակցիաներ սկսել, որոնք շարունակվել են նաև մայիսի 16-ին։ Երևանն ու Բաքուն մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։

Armenia Today

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ