Այս պահին սնունդ կա, բայց կարող է մինչև երեկոյան վերջանալ․ դրությունը՝ Ախթալայում
Ախթալայում այս պահին սնունդ կա, բայց կարող է մինչև երեկոյան վերջանալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ախթալայի համայնքապետ Սևակ Սարգսյանը։
«Առայժմ բնակիչները չեն ահազանգել, որ հաց կամ ջուր չունեն, ուղղակի մարդիկ անհանգստանում են, որ վաղը կամ երեկոյան արդեն չունեն։ Մենք էլ նրա համար ենք, որ ամեն ինչ կազմակերպենք։ Ալյուր ունենք, հացը թխում ենք»,- նշեց Սևակ Սարգսյանը։
Նա հայտնեց, որ համայնքապետարանը պայմանավորվել է ամենագնացների վարորդների հետ, որ նոր նորոգվող ճանապարհով ամենագնացները գնան, սնունդն ու ջուրը Ալավերդիից բերեն․
«Այս պահին իրոք բնակիչներից մեկն ինձ չի դիմել, որ հաց չունի ուտելու, օգնեք ինձ։ Խանութի տերերին ասել եմ, որ բնակիչներին չափով բաժանի սնունդը, որպեսզի բոլորին հասնի»։
Ախթալայի համայնքապետն ասաց, որ գազամատակարարումն ու ջրամատակարարումը տեղ-տեղ կա, տեղ-տեղ առայժմ չունեն։
Անդրադառնալով երեկվանից շրջանառվող այն լուրերին, որ Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով, համայնքապետը հաստատեց, որ դիահերձման հնարավորություն համայնքը չունի․
«Այդ անձի հուղարկավորությունը ինքս եմ կազմակերպել։ Հանգուցյալն Ախթալայի բնակիչ չէր, հարազատներ չի ունեցել, լրիվ միայնակ էր, մահացել է, մենք էլ այդ բլոկադայի պայմաններում փորձել են պատշաճ կազմակերպել ամեն ինչ։ Դագաղ ենք սարքել, նորմալ կազմակերպել ենք ամեն ինչ։ Ասածս այն է, որ նույնիսկ եթե այս դեպքն էլ չլիներ, միևնույն է, նա հարազատ չուներ, այս տարբերակով պետք է հուղարկավորեինք։ 50-ամյա տղամարդ էր։ Մահվան պատճառը չեմ կարող ասել»։
NEWS.am-ի հետ զրույցում Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարդերդյանը նշեց, որ ջրի մագիստրալը վերականգնելու աշխատանքներ են տարվում․ «Խանութներում կամաց-կամաց սնունդը վերջանում է։ Վարչական ղեկավարը ցուցակագրում է կարիքները, որ ուղարկի մարզպետարան, որպեսզի առաջին անհրաժեշտության հարցերը լուծվեն։ Ամենակարևորը ջուրն է, որը չկա։ Կապերի հետ կապված լուրջ խնդիրներ կան»։
Նշենք՝ ֆեյսբուքյան էջերում տարածվում է տեղեկություն, որ Ախթալայում նաև դեղորայքի պակաս կա։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետևանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, երեկ արդեն վերականգնվել է: Հեղեղի հետևանքով այս պահի դրությամբ կա 4 զոհ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։ Բեռնատարների համար փակ է Դիլիջան-Իջևան հատվածը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 09:59
Страна, обладающая атомной станцией и развитой инфраструктурой распределения электричества, может оказаться в прямой энергетической зависимости от Азербайджана и Турции, полагает экс-посол.
-
2025-07-11 09:15
По итогам встречи премьер-министра Армении и президента Азербайджана обе стороны опубликовали официальные, идентичные пресс-релизы. Если помимо этого будет достигнута договоренность о мирном соглашении, общественность будет об этом проинформирована. Об этом заявила пресс-секретарь МИД Армении Ани Бадалян.
-
2025-07-11 09:12
Европарламент принял критическую резолюцию с требованием отключить Грузию от международной банковской системы SWIFT.
-
2025-07-11 09:09
Всероссийский центр изучения общественного мнения (ВЦИОМ) по заказу Министерства иностранных дел (МИД) России проведет социологическое исследование о продвижении русского языка за рубежом, в частности в Азербайджане. Об этом сообщает «Ведомости».