ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍ ՈՒՆԵՑՈՂ ՍԻՐԵԼԻ’ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ, ՔԵԶ ԷԼԻ ԽԱԲԵՑԻՆ. ԴՈՒ ՀԱՐԿՄԱՆ ՄԱՏԵՐԻԱԼ ԵՍ
Ազգային ժողովն ընդունեց օրենքների նոր փաթեթ, որով առք ու վաճառքի, արտադրական, անշարժ գույքի առք ու վաճառքի կամ վարձակալությամբ տրամադրման, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոտեխսպասարկման ծառայությունների, ծրագրային ապահովման մշակման և շինարարական աշխատանքների կատարման, անշարժ գույքի գնահատման և չափագրման, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման և հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, միկրոձեռնարկությունների մեծ մասի դեպքում կտրուկ՝ 2-3.3 անգամ բարձրացվում է շրջանառության հարկի դրույքաչափը։ Կատարվող փոփոխությամբ հարկման ընդհանուր համակարգ տեղափոխվող գործունեության տեսակների, այդ թվում՝ փաստաբանական և նոտարական ծառայությունների գծով տնտեսավարողները 2025թ. հունվարի 1-ից կվճարեն 20% ԱԱՀ և 18% շահութահարկ։
Արդյունքում` այս փոփոխությամբ միկրոձեռնարկատիրության մի շարք ուղղությունների մասով տեղի է ունենալու շրջանառության հարկի դրույքաչափի կրկնակի բարձրացում։ Օրինակ`
1. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն՝ գործող 5%-ից կդառնա 10%;
2. Արտադրական գործունեություն՝ գործող 3.5%-ից կդառնա 7%;
3. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն՝ գործող 6%-ից կդառնա 12%, և այլն։
ՀՀ կառավարությունը, որպես փոփոխության հիմնական նպատակ, նշում է, որ այս հարկային կարգավորումներով կապահովվի հատուկ համակարգից՝ շրջանառության հարկից սահուն անցումը հարկման ընդհանուր համակարգ։ Այսինքն՝ ինչ-որ ժամանակ անց ՀՀ ներկայիս իշխանությունները միկրոձեռնարկությունների գործունեությունը նպատակ ունեն իսպառ հանել շրջանառության հարկով հարկվելու համակարգից և տեղափոխել հարկման ընդհանուր դաշտ (ԱԱՀ-ի և շահութահարկի դաշտ)։
«Առաջարկվող փոփոխությունների հիմնական ուղղությունները վերաբերում են շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմանը, սակայն զուգահեռաբար հնարավորություն կընձեռվի, որպեսզի ավելի լայն շրջանակի ծախսերը փաստաթղթավորման պարագայում նվազեցվեն»,- պարզաբանել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Օրենքների նախագծերի փաթեթը, սակայն, ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության կողմից ենթարկվել է իրավական, ֆինանսա-տնտեսագիտական և սոցիալական փորձաքննության: Չնայած փոխնախարարի հավաստիացումներին՝ դրանցից բոլորում հիշատակվում է այս փաթեթի տարբեր խնդրահարույց կողմերի մասին։
Մասնավորապես՝
- Իրավական փորձաքննությամբ նշվում է, որ «փաստաբանական և նոտարական ծառայությունների հարկման վերաբերյալ կարգավորումների փոփոխությունը հիմնավորված չէ»: Որպես փորձաքննության վերջնական եզրակացություն՝ նշվում է, որ «անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի հիմնավորվածությունը և համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին»:
- Ֆինանսատնտեսագիտական փորձաքննությամբ նշվում է, որ «առաջարկվող փոփոխությունների հետևանքով գործնականում կարող է տեղի ունենալ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների հարկային բեռի ծանրացում»։ Իսկ որպես փորձաքննության վերջնական եզրակացություն՝ նշվում է, որ «Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից որոշ լրամշակման կարիք ունի»:
- Սոցիալական փորձաքննությունը նույնպես նշում է, որ առաջարկվող փոփոխությունների «արդյունքում կարող է տեղի ունենալ նաև շրջանառության հարկ վճարողների հարկային բեռի ավելացում», և որպես եզրահանգում՝ ընդգծում փաթեթի «սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման» անհրաժեշտությունը։
Թեև կառավարության ներկայացուցիչները և օրենքների այս փաթեթն Ազգային ժողովում ներկայացնող Բաբկեն Թունյանը յուրաքանչյուր առիթով վստահեցնում են, թե այս փոփոխությունների ընդունումը միտված չէ մարդկանց առավել հարկելուն, սակայն այդ հիմնավորման հետ հանրությունը և տվյալ փոփոխությունների բուն շահառուներն այդքան էլ համաձայն չեն։ Նախ հարկ է նշել, որ օրենսդրական նախաձեռնությունն ունեցել է լայն հանրային արձագանք (ինչպես նախքան կառավարության՝ հավանության արժանանալու մասին որոշման ընդունումը, այնպես էլ՝ դրանից հետո)։
Այսպես՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 18.01.2024թ.-08.02.2024թ. ժամանակահատվածում հանրային քննարկման է դրվել www.e-draft.am կայքում, որտեղ նախաձեռնությանը կողմ են քվեարկել՝ 4, դեմ՝ 819 հոգի։ Եվ անգամ այս պարագայում իշխանությունները պատշաճ աշխատանք չեն կատարել հարկման նոր համակարգի մեջ մտնող շահառուներին լիարժեք պարզաբանումներ տրամադրելու ուղղությամբ։ Այս համատեքստում իր մտահոգությունն է հայտնել նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ նախագծի առումով չի ներկայացվել միջազգային չափանիշներին համապատասխան հարկային քաղաքականության փոփոխության իրավաչափությունը գնահատելու անհրաժեշտ հիմնավորումը, չի ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա հնարավոր ազդեցությունների և ռիսկերի գնահատումը, ինչպես նաև չեն իրականացվել պատշաճ հանրային իրազեկման աշխատանքներ և շահառուների հետ քննարկումներ:
Մի խոսքով, «քաղաքացին հարկվելու մատերիալ չէ» թեզի նախկին քարոզիչները, ինչպես ցույց է տալիս վերջին տարիների պրակտիկան, որոշել են կրկին քաղաքացիների կարծիքի հետ հաշվի չնստել։
Ինչ վերաբերում է փոփոխության շահառու խմբերից մեկին՝ փաստաբանական համայնքին, ապա վերջիններս հրապարակավ հայտնել էին իրենց դժգոհությունը, այդ թվում՝ իրականացնել բողոքի ակցիաներ, քանի որ, ինչպես գործադիր մարմնի, այնպես էլ օրենսդիր մարմնի կողմից դրսևորվում է որոշակի շտապողականություն, առանց պատշաճ և համակողմանի քննարկումների: Փաստաբանները հրաժարվել էին պաշտպանություն իրականացնել ՀՀ պետական մարմիններում` դատարաններում, նախաքննական մարմիններում։
Բանն այն է, որ օրենքի ընդունման պատճառով շեշտակի կբարձրանա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար՝ նաև գները, անվճար իրավաբանական ծառայության մատուցումն էլ կարող է դառնալ անհնար, քանի որ փաստաբանները ստիպված են լինելու հարկ վճարել, իսկ այդ ամենից առաջին հերթին տուժելու են ՀՀ քաղաքացիները: Փաստաբանական համայնքը նաև հանդիպում էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ՝ խնդրահարույց օրենքի նախագիծը քննարկելու համար, սակայն հանդիպումն արդյունավետ չի եղել։
Ընդհանուր առմամբ ամեն ինչ շատ պարզ է։ Օլիգարխիայի դեմ կեղծ պայքար տանող իշխանությունները պարարտ հող են ստեղծում, որպեսզի խոշոր բիզնեսները գան ու «կուլ տան» փոքր բիզնեսին։
Բա ո՞ւր կորան ներկայիս իշխանության կողմից դեռ 2021թ.-ին կառավարության ծրագրում ներկայացված խոստումներն այն մասին, թե փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցություն է տրվելու՝ այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանին տրամադրված ֆինանսական միջոցներից։ Թե՞ սա էլ նոր տարբերակ է Եվրոպայից Հայաստանին փոխանցված գումարները հարկի տեսքով հետ վերցնելու համար։
Կամ ի՞նչ աջակցության մասին է խոսքը, եթե խոստացվում է բարենպաստ հարկային դաշտ ստեղծել, բայց պրակտիկայում ծածուկ ՓՄՁ-ներին հանում են շրջանառության հարկից ու աստիճանաբար տանում հարկման ընդհանուր (ԱԱՀ-ի, շահութահարկի) դաշտ։ Ու այստեղ անգամ Նիկոլ Փաշինյանի պարբերական այցերը փոքր կրպակներ ու ամպագոռգոռ զրույցները փոքր բիզնեսին աջակցելու մասին այլևս չեն աշխատելու, քանի որ խոսքերին փոխարինելու են գալու թվերը հարկային հաշվետվություններում, որոնցում սևով սպիտակի վրա երևալու է, թե քանի տոկոս հարկ է գանձվել այս կամ այն միկրոձեռնարկությունից։
Այս օրենքի վերջնական ընդունումն իրական աղետ է դառնալու սոցիալական գնահատման տեսանկյունից։ Իրական աղետ է դառնալու նաև ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ շինծու բացված քրեական գործից ոչ ոք ապահովագրված չէ՝ ՀՀ քաղաքացին կարող է դատարանի առջև կանգնել ու ապօրինի կալանավորվել անգամ իր իսկ իրավունքներն իրացնելու մեղադրանքով՝ լինի խոսքի ազատությունը, կարծիքի ազատ արտահայտումը, հավաքներին մասնակցությունը կամ, պարզապես, քաղաքական այլախոհությունը։
Ու այս ռեպրեսիվ ռեժիմի պարագայում ՀՀ ներկայիս իշխանությունները ստեղծում են այնպիսի միջավայր, որում փաստաբանական ու իրավապաշտպան ծառայությունների թանկացումն անխուսափելի է՝ ասել է թե, այն հասանելի է լինելու շատ ավելի փոքր թվով մարդկանց։
Անկասկած խորհրդարանական իշխող մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախագծին ԱԺ այս քառօրյայի ընթացքում, բայց շատ կարևոր է, որպեսզի հանրությունը հնարավոր բոլոր միջոցներով իր դժգոհությունն ու բողոքի ձայնը լսելի դարձնի ու բոյկոտի օրենքների այս փաթեթի վերջնական ընդունումը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 10:03
На Земле уже происходили катастрофические события, уничтожавшие большую часть живых организмов. Как сообщает издание «РБК Тренды», нынешний процесс вымирания уникален — он спровоцирован деятельностью человека, в отличие от предыдущих природных катастроф. Нынешнюю ситуацию ученые называют шестым массовым вымиранием.
-
2025-05-23 09:19
На днях на территории Карабаха завершились масштабные военные учения Азербайджана и Ирана «Араз-2025». Маневры, направленные на боевое слаживание элитных частей двух стран, довольно быстро попали в фокус внимания мировой прессы. Правда, объектом интереса стало не столько само мероприятие, сколько развернувшаяся на его фоне дипломатическая игра. Часть комбинаций которой, к тому же, вышла далеко за пределы Закавказья.
-
2025-05-23 09:16
Создавая искусственные препятствия на пути экспорта армянского коньяка, Грузия не только нарушает законы международной торговли, но и "крадет" коммерческие секреты армянских производителей коньяка. Об этом агентству Sputnik Армения заявил председатель Республиканского союза работодателей Армении Гагик Макарян.
-
2025-05-23 09:15
22 мая в Музее-институте Геноцида армян состоялась презентация книги австрийской журналистки и бывшего дипломата Биргит Кофлер-Бетшарт «Я убил человека, но я не убийца» на армянском языке. Автор рассказывает о специальной операции «Немезис», проведенной в 1919 — 1922 годах против организаторов Геноцида армян и резни в Баку.