Последние новости

Գառնիկ Դանիելյան․ Երեկվա դեպքերից հետո մեր թիվը կրկնապատկվեց, եռապատկվեց, վախեցող չկա

Երեկ շատ կարևոր օր ենք ունեցել, իշխանությունները վախերի մեջ են, մենք ցույց ենք տվել, որ օրակարգ թելադրողը մենք ենք, մենք ենք այս երկրի տերը։ Այս մասին Կառավարության մոտ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա մեկ անգամ ևս հայտարարեց, որ այսօր ժամը 20։00-ին տեղի է ունենալու հանրահավաք Բաղրամյան փողոցում։

«Քիչ հետո կասենք, թե ուր ենք գնում։ Մինչ այդ պետք է արձանագրենք երեկվա մասին երեկ ոստիկանական ուժերի մեծ ճնշման տակ որևէ մարդ չնահանջեց, մեր հայրենակիցները ցույց տվեցին, որ նռնակից չեն վախենում։ Այդ նռնակները, որ գցել ես՝ մարդիկ թողնեն, գնան, հակառակը տեղի ունեցավ՝ դրանից հետո մեր թիվը կրկնապատկվեց ու եռապատկվեց։

Որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է մեզ վախեցնել, որևէ մեկի մտքով չանցնի, որ մենք նման ճղճիմ արարքներից հետո հետնահանջ ենք անելու, որևէ կերպ սա մեզ վրա չի ազդելու, ավելին ասեմ՝ դա մեզ ավելի է ոգևորում և պնդացնում, որ մեր կողքին կանգնած մարդիկ աննահանջ պայքարող մարդիկ են, տեր են իրենց երկրին ու մինչև վերջ գնացող մարդիկ են»,- ասաց Դանիելյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաև լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:

Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ