Последние новости

Պետականության հիմնասյուները վտանգված են. Պողոսյանն արձագանքում է Փաշինյանի հայտարարությանը

Այսօր ունենք Սահմանադրության օր, բայց չունենք սահմանադրականություն, չունենք այնպիսի իրավիճակ, ինչը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ։ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանի հրավիրած հավաքին հայտարարեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, որն, ի դեպ, 2015 թ. փոփոխված և ընդունված ՀՀ Սահմանադրության համահեղինակներից է։

Նրա խոսքով` այսօրվա Սրբազան պայքարը նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համար է։

«ՀՀ Սահմանադրությունն անկախ պետականության հիմքերն է դրել ու այսօր, ցավոք, այդ պետականության հիմնասյուները վտանգված են շատ մեծ չափերով, քանի որ այսօրվա իշխանությունը, ընդհանրապես չարժեվորելով որևէ ազգային արժեք, հարցականի տակ է դնում նաև ՀՀ Սահմանադրությունն ու նրա գոյությունն այսօրվա տեսքով»,– ընդգծեց նա։

Ըստ սահմանադրագետի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նորից վերահաստատեց, որ ՀՀ–ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն` ծածկելով այն իրական շարժառիթները, որոնք դրդում են այն փոխել։

Պողոսյանը վստահ է` այսօրվա իշխանություններն ուզում են Սահմանադրությունից հանել նախաբանում հաստատագրված Անկախության մասին հռչակագրի վկայակոչումը, այսինքն` այն հիմնասյունը, որի վրա հիմնված է Հայաստանի երրորդ Հանրապետությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական իր ուղերձում վերահաստատել է, որ երկրում մայր օրենքը պետք է փոփոխել։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ