ԱՐՑԱԽՅԱՆ ՀԿ-ՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ ԵՎ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻՆ
Արցախյան ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Արցախ առաքելություն ուղարկելու համար, որպեսզի մարդկության դեմ կատարված մշակութային հանցագործությունները փաստագրվեն և հետագա հանցանքները կանխելու մեխանիզմներ կիրառվեն։
Նամակում նշվում է, որ 2020թ․ պատերազմից և 2023թ․ հարկադիր արտաքսումից հետո Արցախի օկուպացված տարածքներում դիտավորյալ ոչնչացվում և յուրացվում է հայկական մշակութային ժառանգությունը։
«Կան մշակութային ցեղասպանության ծանր օրինակներ․ ամբողջությամբ ոչնչացվել են Մեխակավանի Սուրբ Աստվածածին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս, Բերձորի Սուրբ Համբարձման և Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները։ Հայկական հոգևոր կենտրոնները պղծվել են, հարյուրավոր խաչքարեր՝ ոչնչացվել։ Ավելի քան 30 արվեստի և թանգարանային հավաքածուներ՝ բաղկացած հազարավոր ցուցանմուշներից, կողոպտվել են Ադրբեջանի կողմից»,- ասվում է նամակում։
Ըստ ՀԿ-ների՝ ոչնչացվել են Հայոց ցեղասպանության, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախի պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները, անհատներին նվիրված հուշաքարերը, պատմական նշանակության կամուրջներ, մշակութային կենտրոններ, գրադարաններ, դպրոցներ և այլ վայրեր։ Շուշիի շրջանի Քարին Տակ և Հադրութի շրջանի Մոխրենես գյուղերը, Հադրութի պատմական թաղամասն ամբողջությամբ քանդվել են։
«Ստեփանակերտի թաղամասերը՝ ներառյալ 19-րդ դարի պատմական թաղամասը, հողին են հավասարեցվել։ Ադրբեջանցիների կողմից այս ոչնչացումները պատկերող տեսանյութերի լայն տարածումը դարձել է հոգեբանական ճնշման միջոց՝ Արցախի հայերի նկատմամբ»,- գրել են նամակում։
Նշվում է, որ ադրբեջանցիների կողմից ոչնչացվել են Մեծ Թաղեր գյուղի (Հադրութի շրջան), Սղնախ գյուղի (Ասկերանի շրջան), Հաթերքի (Մարտակերտի շրջան) և Շուշի քաղաքի գերեզմանատները։
«2020-2024 թվականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի իրականացրել ՄԱԿ-ի կողմից իրեն վերապահված՝ համաշխարհային մշակութային ժառանգությունը պահպանելու լիազորությունը և առաքելություն չի ուղարկել Արցախ՝ տարածաշրջանի ժառանգության ներկա վիճակը փաստագրելու և այդպիսով կանխելու Ադրբեջանի կողմից հետագա ոչնչացումները։ Փոխարենը՝ սահմանափակվել է հայտարարություններ անելով»,- իրենց մտահոգությունն են հայտնել ՀԿ-ները։
Նամակի հեղինակները հիշեցրել են, որ համաձայն 1954թ․ Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ, ցանկացած վանդալիզմի, յուրացման, կողոպուտի, ատելության կամ վրեժխնդրության գործողություններ մշակութային ժառանգության դեմ արգելվում են և ընդգծել, որ մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ․ Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման վերաբերյալ հռչակագրով։
Հունիսի 22-ին Monument watch-ն ահազանգել էր, որ արցախահայերի բռնի տեղահանումն անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել։ 2023թ. հոկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության ոչնչացման և մշակութային ցեղասպանության սպառնալիքի մասին՝ ի դեմս միջազգային հանրության անգործության: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանն ավերել է Արցախի տասնյակ եկեղեցիներ, գերեզմանոցներ, տաճարներ և այլ ճարտարապետական հուշարձաններ։
2020 թվականի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021-ին Ադրբեջանի իշխանություններն ավերել էին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, Մակուն կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, վնասել Ս․ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։ 2021-ից մինչև 2023 թվականները քանդել էին Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը, պղծել Հադրութի եկեղեցին։ Monument Watch-ը 2024-ի հունվարի 4-ին հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման, իսկ հունվարի 17-ին՝ Հաթերքի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։
Փետրվարի 22-ին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները։ Փետրվարի 5-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հանել էր Արցախի Տիգրանակերտի մոտ գտնվող Վանքասարի եկեղեցու խաչը: Փետրվարի 14-ին «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» կազմակերպությունն ահազանգել էր, որ Ադրբեջանը հեռացրել էր Ստեփանակերտում տեղադրված գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին: Փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմն օկուպացված Ստեփանակերտ քաղաքում հեռացրել էր ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին: Մարտի 14-ին ադրբեջանցիները հեռացրել էին Արցախի Շահումյանի շրջանի Ծար գյուղի խաչքարը։ Մարտի 8-ին քանդել էին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։
Մարտի 3-ին օկուպացված Ստեփանակերտից կադրեր էին տարածվել, որոնցում երևում էր, թե ինչպես է Ադրբեջանը քանդում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը: Ապրիլի 18-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (ավելի շատ հայտնի է Կանաչ ժամ անունով)։ Ադրբեջանը հողին էր հավասարեցրել Արցախի հերոսական Քարինտակ գյուղը։
2024թ․ մայիսին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին։ Օգոստոսի 2-ին Monument watch-ը հայտնել էր, որ ադրբեջանական կողմն ավերել է դեռևս 2020 թվականի հոկտեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ 2022 թվականին Ադրբեջանն ոչնչացրել էր Մոխրենեսի Սբ. Սարգիս եկեղեցին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.