ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանում պահվող հայ գերիների խոշտանգումների մասին տեղեկությունները «խորը մտահոգություն» են պատճառում
ՀՀ ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների վերաբերյալ:
«ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակում է միջազգային հանրության, մասնավորապես տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգռված և մարդասիրական արժեքները կարևորող գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա», – նշվում է ՀՀ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Հայտարարության մեև նշվում է, որ խորը մտահոգություն են պատճառում հայազգի ռազմագերիներից, պատանդներից, այլ պահվող անձանցից 23-ի նկատմամբ «դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ ներառող հրապարակումները, նշյալ անձանց` ներառյալ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների կողմից հրապարակայնացվող տեղեկությունները՝ կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին:
«Այդպիսի գործելաոճի մասին են վկայում նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից արտահայտված մտահոգությունները, «Human Rights Watch»-ի և այլ կազմակերպությունների կողմից փաստագրված՝ հայ ռազմագերիների խոշտանգման դեպքերը, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային կառույցների, այդ թվում՝ Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի հետ համակարգված համագործակցությունից խուսափումը: Հայաստանի կառավարությունը շարունակում է ստանալ հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ», – նշվում է ՀՀ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
ԱԳՆ–ից նշում են, որ հայազգի ռազմագերիները, պատանդները և այլ պահվող անձինք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս նրա կողմից ստանձնած հանձնառությունների և միջազգային պարտավորությունների:
«Հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում. համապատասխան միջազգային բազմակողմ փաստաթղթերի պարզ թվարկումը ներառում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիան, Ժնևի IV կոնվենցիան (1949 թ.), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն այս դատական բեմականացումն օգտագործում են որպես Հայաստանի Հանրապետության վրա քաղաքական ճնշումների և հասարակության շրջանում մանիպուլյացիայի գործիք՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամի և ողջ հասարակության համար», – նշվում է հայտարարության մեջ։
Առանձնակի ուշադրության է արժանի այն, որ այս գործընթացներն ընթանում են ադրբեջանական լրատվամիջոցներում հայերի դեմ էթնիկ ատելության շարունակական քարոզչության պայմաններում:
«Ամենից զատ և առաջին հերթին՝ ցանկացած հակամարտության ամբողջական կարգավորում ներառում է ժողովուրդների պատրաստումը խաղաղության, իսկ չլուծված մարդասիրական խնդիրների հավելյալ ու արհեստական ձգձգումն առնվազն չի ծառայում այդ նպատակին և միայն նվազեցնում է դրա հավանականությունը: Այս գիտակցումը բազմիցս է ընդգծվել Ադրբեջանի հետ քննարկումների ընթացքում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, գործընկերների ու կառույցների կողմից: Ակնկալում ենք, որ Ադրբեջանի իշխանությունների ընկալումներում ևս այն կգերակայի թշնամանքի շարունակական սնուցման ու կարճաժամկետ հաշվարկների նկատմամբ: Հարցի վերջնական հասցեագրման մերժման պայմաններում Հայաստանը չի կարող անմասն և անտարբեր մնալ, ուստի շարունակելու է այն բարձրացնել տարբեր հարթաներում և ձևաչափերով՝ ակնկալելով լուծումներ և դրական առաջընթաց», – նշվում է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 16:46
В столице Турции состоялась церемония открытия мемориала Талаату-паше – одному из главных организаторов Геноцида армян.
-
2025-06-03 16:42
Я была рада принять участие в мероприятии по запуску сверхсовременного тренажёра стоимостью 3,4 миллиона долларов, который поможет обеспечить безопасную эксплуатацию АЭС. Об этом заявила посол США в Армении Кристина Квин.
-
2025-06-03 16:28
Член студенческого совета ЕГУ Оганес Шамрикян на своей странице в Facebook представил некоторые подробности вчерашней встречи с Николом Пашиняном и студентами ЕГУ.
-
2025-06-03 16:21
В основе обвинения азербайджанского суда против Рубена Варданяна заложена этническая нетерпимость, чреватая продолжением геополитической трагедии, считает российский политолог и регионовед, президент фонда «Петербургская политика» Михаил Виноградов.