Ռուս փորձագետ․ Ռուսաստանը Հարավային Կովկասում իր քաղաքականության մեջ որոշ սխալներ է թույլ տվել
Եվրոպական և միջազգային համապարփակ ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի Կովկասագիտության բաժնի ղեկավար Եվգենիա Գորյուշինան անդրադարձել է Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությանը, Հայաստանի և Ռուսաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ կարծիք հայտնելով, որ Ռուսաստանը որոշ սխալներ է թույլ տվել Հարավային Կովկասի ուղղությամբ իրականացվող քաղաքականության մեջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փորձագետը նշել է «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակին և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա խնդիրներին։
«Իրականում պետք է խոստովանեմ, որ, այո, Ռուսաստանը որոշ սխալներ է թույլ տվել Հարավային Կովկասում, քանի որ նաև մենք՝ որպես փորձագիտական հասարակություն, չկարողացանք մեծ ուշադրություն դարձնել այս տարածաշրջանին։ Եվ ես նաև այն դիրքորոշման կողմնակիցն եմ, որ մենք պետք է զարգացնենք երկխոսությունը կովկասյան երկրների հետ։ Կարծում եմ, որ Մոսկվան պետք է նորմալ երկխոսություն հաստատի կովկասյան բոլոր երկրների հետ։ Եվ մենք աշխատում ենք դրա վրա։ Կարծում եմ, միևնույն է, Հարավային Կովկասը ռազմավարական առումով կարևոր տարածաշրջան է և՛ պատմականորեն, և՛ աշխարհաքաղաքական առումով։ Եվ այդ պատճառով կարող եմ ենթադրել, որ Ռուսաստանը, հավանաբար, կամրապնդի իր դերը տարածաշրջանում»,-ընդգծել է ռուս փորձագետը։
Վերջինս Հարավային Կովկասում Ռուսաստանի դերը խարսխել է առաջին հերթին անվտանգության ճարտարապետության հետ՝ մատնանշելով ինչպես 2020 թվականին ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանի Շիրակի մարզում գտնվող ռուսական բազայի առկայությունը։
Եվգենիա Գորյուշինայի խոսքով՝ Մոսկվան, հավանաբար, կպաշտպանի Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված կարգավորումը՝ ձգտելով կանխել Արևմուտքի կամ ՆԱՏՕ-ի գերիշխանությունը տարածաշրջանում։
«Ահա, թե ինչու է Հարավային Կովկասում գոյություն ունեցող հարցերը միայն Ռուսաստանի և Հայաստանի կամ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև չեն։ Կարծում եմ՝ դա ավելի լայն է, և մենք պետք է ընդունենք դա»,-շեշտել է փորձագետը։
Վերջինիս կարծիքով՝ Ռուսաստանը, միևնույն ժամանակ, կփորձի կառավարել իր բարդ հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչը շատ կարևոր գործոն է, քանի որ Թուրքիան տարածաշրջանային խոշոր դերակատար և ՆԱՏՕ-ի անդամ է, որի հետ Մոսկվան կիսում է և՛ համագործակցությունը, և՛ մրցակցությունը։
«Ռուսաստանը, հավանաբար, կխթանի տարածաշրջանային տնտեսական ավելի մեծ կապը։ Ռուսաստանը չի ուզում կորցնել դա։ Իսկ դա հնարավոր է բազմակողմ ենթակառուցվածքային նախագծի միջոցով, որը ներառում է Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը ու նույնիսկ Հյուսիս-հարավ միջանցքը»,-ասել է Գորյուշինան։
Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանը կշարունակի նաև հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում՝ հատկապես սահմանների սահմանազատման և նման հարցերի շուրջ։
Եվգենիա Գորյուշինան նաև անդրադարձել է Ռուսաստան-Հայաստան և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների բարդություններին՝ ընդգծելով, որ Մոսկվան փորձում է բալանսավորել երկու ուղղություններն էլ, քանի որ ինչպես Հայաստանն, այնպես էլ Ադրբեջանը կարևոր գործընկերներ են Ռուսաստանի համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 16:20
Армения до парламентских выборов 2026 года должна быть готова к любому повороту событий, в том числе к уличной борьбе. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.
-
2025-06-16 16:19
Президент России Владимир Путин и президент Турции Реджеп Тайип Эрдоган провели в понедельник телефонный разговор, в ходе которого обсудили ситуацию на Ближнем Востоке. Об этом сообщает пресс-служба Кремля.
-
2025-06-16 15:49
Власти Армении нападками на ААЦ пытаются отвлечь общество от серьезнейших проблем и важнейших вызовов, стоящих перед страной. Об этом заявил бывший омбудсмен РА Арман Татоян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 15:43
На вопросы ИАЦ VERELQ отвечает политолог Бениамин МАТЕВОСЯН.