Последние новости

«Ռոսիա սեգոդնյա»․ Բաքվի գործողությունները հիմք չունեն

Sputnik Ադրբեջանի ղեկավարության և աշխատակիցների ձերբակալման հետ կապված գործողությունները հիմք չունեն և խորը մտահոգություն են առաջացնում։ Այս մասին ասվում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ կապված Բաքվի իրադարձությունների հետ։

Ավելի վաղ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Բաքվում Sputnik Ադրբեջանի խմբագրությունում կատարված խուզարկություններից հետո յոթ մարդ է ձերբակալվել:

««Ռոսիա սեգոդնյան» խորապես մտահոգված է Բաքվում Ռուսաստանի երկու քաղաքացիների՝ Sputnik Ադրբեջանի ղեկավարների ձերբակալությամբ: Նրանց հետ միասին ձերբակալվել են նաև խմբագրության մի քանի աշխատակիցներ՝ Ադրբեջանի քաղաքացիներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ նրանց մեղադրանք չի առաջադրվել, Ռուսաստանի քաղաքացիների մոտ հյուպատոսական աշխատակիցների մուտքը ապահովված չէ, առկա տեղեկատվության համաձայն՝ խուզարկություն է կատարվել գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխի բնակարանում, առգրավվել է համակարգչային տեխնիկա:

«Այս բոլոր գործողությունները որևէ հիմք չունեն և հանգեցրել են Sputnik Ադրբեջանի աշխատանքի արգելափակմանը»,-նշել են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մամուլի ծառայությունում:

Մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ Իգոր Կարտավիխի առողջությունը մեծ անհանգստություն է առաջացնում։ Նրան անհրաժեշտ են դեղամիջոցներ, այդ թվում՝ ինսուլին:

«Կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին անհապաղ կարգավորել անընդունելի իրավիճակը և ազատ արձակել մեր գործընկերներին»,-հայտարարել են «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա»-ի (Sputnik) ներկայացուցչության փակման մասին: Ռուսաստանյան ընկերությանը թույլատրվել է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Դրանից հետո Sputnik-ի մասնաճյուղի աշխատանքի հետ կապված խնդրի իրավական լուծման շուրջ տարվել են բանակցություններ։

Սակայն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրման ֆոնին, որը ծագել է Եկատերինբուրգում սպանությունների և մահափորձերի պատճառով ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններից հետո, Sputnik Ադրբեջանի գրասենյակը ենթարկվել է խուզարկության։

ՆԳՆ-ն դա անվանել է «հատուկ գործողություն»։ Ձերբակալվել են գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ` աշխատակիցներին առաջադրվել են անհեթեթ մեղադրանքներ, թե իբր վերջիններս «ԱԴԾ-ի գործակալներ են»։ Բաքվում Sputnik Ադրբեջանի խմբագրությունում խուզարկություններից հետո ձերբակալվել է յոթ մարդ, որոնցից երկուսը կալանավորվել են։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ