Последние новости

Այս երկրում մի բան փչացել է․ ԲԴԽ նախկին նախագահը՝ եկեղեցու շուրջ կատարվողի մասին

Հայաստանում յուրաքանչյուր դատավոր, անկախ մարդկային, անձնային հատկանիշներից, կցանկանար խուսափել Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ գործի քննությունից, եթե մի օր նման հարց բարձրացնեն երկրի իշխանությունները: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

«Նույնիսկ այն ամենավերջին սրիկան, որը հոգեբանորեն պատրաստ է վեհափառին կալանավորել, ահուսարսուռը սրտում, ձեռքերը բռունցք արած՝ սպասում և երազում է՝ եթե նման միջնորդություն լինի, ապա այն իրեն չմակագրվի»,- նման կարծիք հայտնեց Վարդազարյանը։

Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ մի խումբ դատավորներ ժողով են անցկացրել, որի ժամանակ քննարկվել է, թե երկրում ինչ է կատարվում: Մեկը հարց է բարձրացրել` եթե վեհափառին «կալանքի բերեն», ի՞նչ են անելու: Երիտասարդ դատավորները սկսել են արդարանալ՝ թե կալանք են տալու, ի՞նչ անեն, ուրիշ տարբերակ չունեն, որովհետև հիփոթեքներ ունեն և այլն: Ըստ թերթի՝ տարիքով դատավորները հարձակվել են երիտասարդների վրա, թե՝ «դուք լրի՞վ եք գժվել, ձեր քնձռոտ հիփոթեքների համար ամեն տականքության պատրա՞ստ եք»։

Անդրադառնալով հրապարակմանը, թե դատավորներն, այսպես ասած, երկու խմբի են բաժանվել, և սերունդների միջև անհամաձայնություն կա այն հնարավոր իրավիճակի շուրջ՝ եթե մի օր հարցը հասնի վեհափառի կալանավորմանը, նման որոշում կարելի՞ է կայացնել, թե՞ ոչ, Վարդազարյանը նշեց.

«Սրիկաներ կան և՛ հնաբնակների, և՛ երիտասարդների մեջ։ Իմ կարծիքով, այստեղ հարցն այն է, որ պետք է լինել և՛ մարդ, և՛ իրավաբան։ Ես շփվել եմ և՛ տարեց դատավորների, և՛ երիտասարդների հետ, համենայնդեպս, իմ աշխատանքի տարիներին։ Եվ բաժանումը տարիքային չէր՝ կա՛մ մարդ սրիկա է, կա՛մ իր գործին նվիրված դատավոր է» ,- նկատեց մեր զրուցակիցը՝ մեկնաբանելով այս տեղեկությունները։

Միաժամանակ, Վարդազարյանը չի կարողանում պատկերացնել, որ Հայաստանի դատական համակարգում հնարավոր է նման քննարկում եղած լինել։ Չի բացառում, որ նման լուրերը «նետվում են դաշտ» նաև դատավորներին պառակտելու համար։

Անդրադառնալով հոգևորականների վերջին կալանավորումներին՝ Վարդազարյանը նշեց՝ կալանավորման հարցը որոշելիս բարձրագույն մաթեմատիկայի կարիք չկա։ Խափանման միջոցի հարցը քննարկելի է, երբ հիմնավոր կասկածի շեմն անցել է։ Եթե վտանգ կա, որ կխուսափի, կխոչընդոտի կամ այլ կերպ կազդի նախաքննական մարմնի գործողությունների վրա, կարելի է քննարկել կալանավորման հարցը։ Կալանավորումը ծայրահեղ միջոց է, շատ ավելի մեղմ խափանման միջոցներ կան մինչև կալանավորումը։

«Այն մարդիկ, ովքեր աչք են փակում և՛ հիմնավոր կասկածի վրա, և՛ առաջնորդվում են նախաքննական մարմնի միայն ենթադրություններով, կալանքի միջնորդությունը բավարարում են»,- նշեց Վարդազարյանը։

Ընդհանուր առմամբ, Վարդազարյանը տարակուսած է գործադիր իշխանության, մասնավորապես՝ վարչապետի, նաև խորհրդարանի նախաձեռնած գործընթացներից։ Կարծում է՝ ինչ-որ բան մեր երկրում փչացել է և այլևս չի աշխատում, հակառակ դեպքում այնպիսի մտքեր, որոնք կարող էր մարդն իր անձնական օրագրում գրել, գրում և հրապարակում է։ Ինչ-որ բան «փչացել է» նաև այն պատճառով, որ այդ ամենին հասարակության արձագանքն էլ պետք է շատ ավելի լուրջ լիներ։

Միաժամանակ, նրա կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շատ պատգամավորներ փորձում են շրջանցել Հայ առաքելական եկեղեցու և նրա սպասավորների հետ կապված հարցերը, խուսափում են այդ թեմայով քննարկումներից՝ նախընտրելով լռել, մինչև այս ամենը մի օր ավարտվի: Դրանով, ըստ Վարդազարյանի, իշխանամետ խորհրդարանականները պահպանում են փրկության ճանապարհները կամ, ինչպես ժողովուրդն է ասում, փորձում են «պլստալ» այս ամենից։

«Ես երկար տարիներ պայքարում եմ և պայքարելու եմ, բայց այս վերջին մեկ ամիսը՝ «չուլանացման» օրվանից մինչև օրս, խորը ապատիայի մեջ եմ»,-ասաց ԲԴԽ նախկին նախագահը։

Մեկ անգամ էլ է շեշտում՝ ամենավատ երազում չէր պատկերացնի, որ իր երկրում, իր հայրենիքում, իր Հայաստանի Հանրապետությունում, որտեղ երեխաները, թոռն են ապրում և ապրելու են, կարող է նման բան լինել։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ