Последние новости

Ձյունիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՆԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԾՈՒՂԱԿՆ ԵՆ ԳՑՈՒՄ

Նախկին դեսպանը կարծում է, որ ատոմակայան և էլեկտրաէներգիայի բաշխման զարգացած ենթակառուցվածք ունեցող երկիրը կարող է Թուրքիայից և Ադրբեջանից ուղիղ էներգետիկ կախվածության մեջ հայտնվել։

Հայկական ներքաղաքական ճգնաժամն իր յուրահատկությունն ունի. այն բազմաշերտ է

Դասական ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում վաղուց է մոլեգնում, բայց Նիդեռլանդներում Հայաստանի նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանի խոսքով` այն նաև իր առանձնահատկություններն ունի:

«Ներկայիս ներքաղաքական ճգնաժամը բազմաշերտ կառուցվածք ունի։ Եվ առաջին հերթին պետք է հասկանալ, և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ներկայիս իշխանությունները պատրաստվում են ընտրություններին և արդեն սկսել են քարոզարշավը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Արդեն էական չէ` այդ ընտրությունները կկայանան մեկ տարի հետո, ինչպես նախատեսված է օրենսդրությամբ, թե իշխանության համար հարմար ցանկացած այլ ժամկետում (այդ ժամանակ խոսք կլինի արտահերթ ընտրությունների մասին)։ Գլխավորն այն է, որ ներկայիս իշխանությունը կարողանա ճիշտ բռնել այն պահը, երբ հաստատապես, առանց ռիսկի հնարավոր կլինի վերընտրվել։ Նախկին դեսպանի կարծիքով՝ եթե իշխող կուսակցության համար բարենպաստ իրավիճակ ստեղծվեր, ապա արտահերթ ընտրությունները կարող էին կազմակերպվել և անցկացվել դեռևս անցյալ տարվա վերջին։

«Դա «Քաղաքացիական պայմանագրին» թույլ կտար երկար ժամանակով փակել վերընտրվելու խնդիրը և հանգիստ զբաղվել թուրք-ադրբեջանական օրակարգի թելադրած նպատակների իրագործմամբ և խնդիրների լուծմամբ: Իսկ այդ օրակարգն իր հերթին համահունչ է մեր տարածաշրջանի և կոնկրետ Հայաստանի վերաբերյալ Արևմուտքի կողմից նախապես նախանշված ծրագրերին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Սակայն բոլոր հարցերի լուծումները շարունակ հետաձգվում են, իսկ նախապես ծրագրված ժամանակացույցը փոխվում է, քանի որ պարբերաբար ստիպված են լինում փոխել դրված խնդիրների կատարման մեթոդաբանությունը։ Աղաջանյանի խոսքով` Հայաստանի ղեկավարությունը փորձում է ինչ-որ գործընթացներ սկսել ըստ արևմտյան մեթոդաբանության։ Ամեն ինչ համապատասխանում է դասական տեխնոլոգիաներին, որոնց ձեռագիրը չի փոխվում` անկախ երկրից։ Սակայն այստեղ, դիվանագետի խոսքով, իշխանությունները բախվել են լուրջ խնդրի՝ հասարակության դիմադրությանը։

Կարևորը` «խաղաղության պայմանագիր» ստանալ վերընտրվելու համար

Աղաջանյանը Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները դիտարկում է որպես իրանա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրման նախագիծ: Այդ համատեքստում էլ նախատեսվում էր Հայաստանի կողմից «միջանցք» տրամադրել՝ Իրանի դեմ Լեռնային Ղարաբաղի տարածքից երկրորդ ճակատ բացելու համար։ Sputnik Արմենիայի զրուցակիցը պնդում է՝ դրան զուգահեռ պետք է հետևեր տարածաշրջանից 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը։

«Սակայն Թել Ավիվի հետ Թեհրանի դիմակայության թեժ փուլը նախապես ծրագրվածի պես չընթացավ։ Բլիցկրիգ չստացվեց, և դա իր հերթին ժամանակային առումով հետ մղեց բոլոր այդ գործընթացները՝ թե՛ «միջանցքը», թե՛ ռազմակայանի դուրսբերման պահանջը։ «Դեմքը» փրկելու համար ամերիկացիները ստիպված եղան միջամտել գործընթացին։ Այո՛, զինադադար է ձեռք բերվել, բայց այն շատ փխրուն է և անվստահելի, և դրանում մենք շուտով կհամոզվենք»,-ասաց Աղաջանյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի կառավարության ղեկավարն այս պահին պատրաստ է ցանկացած զիջման գնալ, միայն թե ստորագրի «խաղաղության պայմանագիր» կոչված փաստաթուղթը: Եվ կարևոր չէ, թե ինչպիսին կլինի բուն փաստաթղթի տեքստը։ Գլխավորը այդ թուղթը թափահարելով ընտրություններում հաղթելն է։

Հենց այս համատեքստում պետք է մեկնաբանել թե՛ իշխանամետ շրջանակների կողմից ակտիվորեն առաջ մղվող հակառուսական տրամադրությունները, թե՛ Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումները։ Այս երկու գործընթացները Սամվել Կարապետյանի դեպքում համընկան։ Եվ հիմա վարչապետը շարունակում է առաջ տանել երկիրը ռուսական ազդեցությունից դուրս բերելու գաղափարը։ Բառերով դա ներկայացվում է որպես «եվրոպականացում», սակայն իրականում, Աղաջանյանի խոսքով, երկրին «թրքացում» է սպառնում։

Նա հիշեցրեց աղբահանության հետ կապված պատմությունը, թե ինչպես քաղաքապետարանը այն վերցրեց մասնավորից, որին հաջորդեց թանկացումը։ Նույնը սպասվում է ՀԷՑ–ի պարագայում։

«Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացումն ավելի շուտ օրինաչափություն է, քան բացառություն։ Նման գործընթացներ վաղուց են տեղի ունենում։ ՀԷՑ–ի դեպքում խոսքը սփյուռքի ներկայացուցչի մասին է Ռուսաստանից, ամենահայտնի և ազդեցիկ գործարարներից մեկի։ Եվ այստեղ տեսնում ենք ողջ սփյուռքը հեռու պահելու փորձ, որի ակտիվությունն ընտրությունների ժամանակ նժարը կիջեցներ բնավ ոչ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» օգտին»,- նշեց Աղաջանյանը։

Մյուս կողմից, նրա խոսքով, պետք է հասկանալ, որ Հայաստանը ֆինանսական առումով շատ բարդ վիճակում է հայտնվել։ Կառավարությունը լավ վաստակեց Ռուսաստանից եկած ռելոկանտների, հակառուսական պատժամիջոցների պատճառով ապրանքների վերարտահանման վրա։ Բայց ֆինանսական ներհոսքը նվազում է, իսկ բյուջեն լցնելու խնդիրը միշտ արդիական է։ Եվ ՀԷՑ–ի պետականացումը կարող է մասամբ լուծել այդ խնդիրը։

«Սա նույն սխեմայով է արվում, որով ժամանակին իշխանությունները գործում էին աղբահավաք ընկերության նկատմամբ։ Հիշում ենք, չէ՞, որ ինչ-որ պահի նորմալ աշխատող կառույցը սկսեց լուրջ խնդիրներ ունենալ աշխատանքում։ Այնպես որ որոշ ժամանակ անց հասարակության մեջ դժգոհություն առաջացավ։ Եվ դա առիթ դարձավ, որ քաղաքապետարանը պարզապես մասնավորից խլի այդ կառույցը։ Իսկ հիմա արդեն այդ ծառայությունների գների կտրուկ աճ ենք տեսնում»,- ընդգծեց Աղաջանյանը։

Նման բան տեղի ունեցավ նաև ՀԷՑ–ի հետ. վերջին շրջանում հաճախակի դարձան խափանումները, անջատումները։ Ճիշտ է` հետո պարզվեց, որ ՀԷՑ–ն ամենևին էլ մեղավոր չէ, իրականում խափանումները տեղի են ունեցել նրանց չենթարկվող այլ կառույցներում։ Բայց հետո ի՞նչ: Դիվանագետը պնդմամբ` պետք էր խնդրահարույց իրավիճակ ստեղծել ենթակառուցվածքի շուրջ, որպեսզի հետո այս իրավիճակը որպես պետականացման առիթ օգտագործվեր, և կառավարությունը դա արեց։

Էներգետիկ ծուղակ մի երկրի համար, որ բավարար չափով սեփական էլեկտրաէներգիա ունի

Ձյունիկ Աղաջանյանի խոսքով՝ այս ամենը ևս մեկ կարևոր կողմ ունի, որի մասին անպայման պետք է իրազեկել հայ հասարակությանը։ Ակնհայտորեն պատահական չեն մեդիադաշտում շրջանառվում վարկածներ այն մասին, որ ՀԷՑ–ի պետականացումից հետո այդ կառույցը կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասամբ կարող է վաճառվել (կամ հանձնվել) թուրքական ընկերություններին։ Իզուր չէ, որ Հայաստանի տարածքային կառավարման նախարարը վերջերս հանդիպեց իր թուրք գործընկերոջ հետ։

«Քննարկվել են երկու երկրների էներգետիկ համակարգերի փոխգործակցության շրջանակները։ Հասարակությունը պետք է հասկանա, որ զուգահեռաբար երկու գործընթաց է ընթանում։ Ակնհայտ է Հայաստանը Ռուսաստանից էներգետիկ առումով կտրելու փորձը, և դա արվում է հետևյալ կերպ՝ ՀՀ–ն էներգետիկ առումով ադրբեջանական և թուրքական կախվածության մեջ դնելու գործընթաց է գնում։ Հենց ադրբեջանական գազն ու թուրքական էլեկտրաէներգիան կդառնան այդ ոլորտից Ռուսաստանի հեռանալու գրավականը»,-կարծում է Աղաջանյանը։

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Թուրքիայում նույն Ռուսաստանի կողմից կառուցվող «Աքքույու» ատոմակայանը կսկսի գործել հաջորդ տարի։ Այս ԱԷԿ-ն իր բնութագրերով շատ հզոր է, ընդ որում՝ Թուրքիային այդքան էլեկտրաէներգիա պետք էլ չէ։ Արդեն ակնհայտ է, որ Անկարան այդ ատոմակայանը պատվիրել է հեռահար նպատակներով։

«Թուրքիան փորձելու է ամբողջ տարածաշրջանը դարձնել իր համար սպառման շուկա։ Այսինքն` մեզանից խլել էներգետիկ անկախության այն աստիճանը, որը մենք ունենք թե՛ ատոմակայանի, թե՛ էներգացանցերի գործադրման արդյունքում, մասնավորեցման և պետականացման միջոցով իրենցով անեն, հետո արդեն որոշակի իրենց հարմար շրջանակներին դա կառավարման հանձնեն... Ինչ տարբերակ էլ լինի, դա լինելու է թշնամական ուժերի վերահսկողության ներքո»,- ամփոփեց դիվանագետը։

Իսկ չէ՞ որ Անկարան կարող է կրկին պահանջել փակել մեր Մեծամորի ատոմակայանը։ Եվ չի բացառվում, որ այս անգամ այդ պայմանը կատարվի․․․

Արման ՎԱՆԵՍՔԵՀՅԱՆ, Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ