Последние новости

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍԵԼ Է ՇԱՀԱԳՈՐԾԵԼ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ԱՐՑԱԽԻ ԿԱՇԵՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԸ

Բրիտանական Anglo Asian Mining հանքարդյունաբերական ընկերությունը սկսել է արդյունահանումը օկուպացված Արցախի Կաշենի պղինձ-մոլիբդենային հանքավայրից:

2022-ի դեկտեմբերին, երբ ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստները, որոնք կառավարվում էին Ալիևի ռեժիմի կողմից, փակել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը Քարին Տակ գյուղի հատվածում և պահանջում էին իբր թե բնապահպանական նպատակներով մոնիտորինգ իրականացնել Կաշենի հանքավայրում, «Հետքը» գրել էր, որ դրանք ընդամենը մեծ խաղի մի պտուտակն են ու սովորական խամաճիկներ Ալիևի և նրա շրջապատի քաղաքական ու տնտեսական նպատակների համար:

Եթե գլխավոր քաղաքական նպատակը ԼՂՀ-ի հայաթափումն ու ամբողջական օկուպացիան էր, ինչն իրականություն դարձավ 2023-ի սեպտեմբերին՝ Արցախի հանցավոր խորը շրջափակումից 9 ամիս անց, ապա տնտեսական նպատակը Արցախի բնակչությանն ու տնտեսվարողներին ոչ միայն հնարավորինս մեծ վնաս հասցնելն ու երկրի ամբողջ տնտեսությունը պարալիզացնելն էր, այլև Ադրբեջանի կառավարության ու արտասահմանցի հանքարդյունաբերողների համաձայնությունը կյանքի կոչելը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում գրանցված Anglo Asian Mining-ը շրջափակման մեկնարկից 5 ամիս առաջ՝ 2022-ի հուլիսի 5-ին, Ադրբեջանից ստացել էր հանքարդյունաբերական 3 նոր գոտիներ՝ Ղարղար, Ղարադաղ և Դեմիրլի անուններով: Ինչու՞ նոր, որովհետև այս հանքարդյունաբերողի տերերն Ադրբեջանի ռեսուրսներով հետաքրքրված էին դեռ 1990-ականներից:

Ինչպես արդեն գրել ենք, ըստ ընկերության պաշտոնական կայքի, 1997-ի օգոստոսին Ադրբեջանի կառավարության հետ կնքած պայմանագրով Anglo Asian-ը ստացել էր հանքարդյունաբերությամբ զբաղվելու 6 պայմանագրային տարածք (contract area): Բայց իրականում պայմանագիր կնքողը եղել է ոչ թե բրիտանական այս ընկերությունը, որը հիմնադրվել է 2004-ին Լոնդոնում, այլ ամերիկյան RV Investment Group Services-ը: Պարզապես երկուսի հետևում էլ կանգնած է նույն սեփականատերը՝ ազգությամբ պարսիկ Մոհամադ Ռեզա Վազիրին (Mohammad Reza Vaziri), որի անվանական սկզբնատառերով էլ կոչվել է ամերիկյան ընկերությունը: Վերջինս հիմնադրվել էր 1996 թ. ԱՄՆ Դելավեր նահանգում, որն օֆշորային գոտիների նման համարվում է «հարկային դրախտ»:

Այսպիսով՝ Հեյդար Ալիևի օրոք ամերիկյան ընկերությունն ստացել էր հետևյալ պայմանագրային տարածքները՝ Գեդաբեկը (հայկական պատմական Գետաբակն է), Գոշան, Օրդուբադը (այս մեկը՝ Նախիջևանի տարածքում), Սոյուդլուն (նույն Սոթքն է), Ղզլբուլաղն ու Վեյնալին: Սրանցից վերջին երեքը Արցախյան առաջին պատերազմից հետո գտնվում էին ԼՂՀ-ի վերահսկողության ներքո. այսպես՝ Սոթքի հանքի մի մասը ՀՀ Գեղարքունիքի մարզում է, մնացածը՝ պատմական Քարվաճառում, որը մինչև 2020 թ. նոյեմբեր գտնվում էր հայկական վերահսկողության տակ, Ղզլբուլաղի տարածքը ներառում է Արցախի Մարտակերտի շրջանի մի մասը (Սարսանգի ջրամբարից հարավ) ու որոշ հատված Ասկերանի շրջանից, սակայն դրա հիմնական ռեսուրսը Դրմբոնի հանքն է, Վեյնալին էլ (այլ աղբյուրներում՝ Վեջնալի) պատմական Կովսականում է (Զանգելան):

Այսինքն՝ 1997-ին Ադրբեջանի կառավարությունը նշված 6 տարածքների թվում բրիտանական հանքարդյունաբերողին է հանձնել 3 տարածք (Սոթք, Ղզլբուլաղ, Վեյնալի), որոնք իր վերահսկողության տակ չեն եղել:

Ամեն դեպքում, Ռեզա Վազիրին իր ընկերների հետ միայն 2000-ականների երկրորդ կեսին է ակտիվ հանքարդյունաբերական գործունեություն սկսել Ադրբեջանում, բայց արդեն բրիտանական Anglo Asian Mining-ով: Խոսքը, բնականաբար, այն տարածքների մասին է, որոնք ադրբեջանական տիրապետության տակ էին այդ ժամանակ՝ Գետաբակ, Գոշա, Օրդուբադ: Այսպիսով՝ Ango Asian-ը մինչև 2022 թ. հուլիս «ուներ» 6 պայմանագրային տարածք, որոնցից 3-ում էր գործունեություն ծավալում՝ արդունահանում կամ հետախուզում կատարում:

2022-ի հուլիսին փոփոխություն է կատարվել պայմանագրում, որով Anglo Asian-ը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է հայ-ադրբեջանական նոր շփման գծում հայտնված Սոթքի հանքի իր հատվածից, փոխարենը ստացել 3 նոր տարածք՝ Ղարղարը, Ղարադաղն ու Դեմիրլին (ընդհանուր՝ 8 պայմանագրային տարածք): Այստեղ էլ հարցն այն է, որ եթե Ղարղարն ու Ղարադաղը 2022-ի դրությամբ ադրբեջանական տիրապետության տակ էին և դրանց հանդեպ իրավունքները պատկանում էին AzerGold պետական ընկերությանը, որից էլ ձեռք է բերել Anglo Asian-ը, ապա Դեմիրլին գտնվում էր հայկական վերահսկողության ներքո, և ընդհանրապես, սա Արցախի տարածքում է: Դեմիրլի ասելով՝ պետք է հասկանալ Մարտակերտի շրջանի արևելյան հատվածը՝ Կաշենի հանքով (տես ստորև): Այս պայմանագրային տարածքի մակերեսը, ըստ բրիտանական ընկերության, 74 քկմ է:

Նկատենք, որ Դեմիրլի անունով ադրբեջանցիները կոչում են Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղը, որի հարևանությամբ էլ գտնվում է Կաշենի հանքավայրը: Վերջինս շահագործում էր հայկական «Բեյզ Մեթըլս» ընկերությունը, ինչն էլ դարձել էր Բաքվի ռեժիմի ու նրա հետ համագործակցող բրիտանական ձեռնարկության և դրա արտասահմանցի տերերի աչքի փուշը:

Գործարար Վալերի Մեջլումյանին պատկանող «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն, որը հիմնադրվել էր 2002-ին և սկզբնապես շահագործում էր Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրն ու դրա հիման վրա ստեղծված լեռնահանքային համալիրը, 2007-ից երկրաբանահետախուզական աշխատանքներ էր սկսել Կաշենի պղինձ-մոլիբդենային հանքավայրում: Կառուցվող բացահանքի օպտիմալ եզրագծի սահմաններում հաստատվել էր շուրջ 56 մլն տ հանքաքարի պաշար: 2012 թ. վերջին եռամսյակում Կաշենի հանքավայրում սկսվել էին կապիտալ մակաբացման աշխատանքները, իսկ արդեն 2013 թ. ապրիլից հանքավայրում արդյունահանվում էր պղինձ-մոլիբդենային հանքաքար, որը սկզբում վերամշակվում էր Դրմբոնի ֆաբրիկայում, մինչև Կաշենի հանքավայրի մոտ հարստացուցիչ ֆաբրիկա կկառուցվեր: 2014 թ. ապրիլին մեկնարկել էին Կաշենի լեռնահանքային համալիրի կառուցման աշխատանքները, իսկ 2016-ի հունվարին լեռնահանքային համալիրը պաշտոնապես գործարկվել էր տարեկան շուրջ 2 մլն տոննա հանքաքարի վերամշակման մեկնարկային հզորությամբ: «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն Արցախի խոշորագույն հարկատուն էր, ուներ շուրջ 2000 աշխատող, ու նաև այս առումով պատահական չէ, որ հայտնվել էր ադրբեջանցիների թիրախում:

Արցախի հայաթափումից և ամբողջական օկուպացիայից հետո՝ 2024-ի երկրորդ կեսում, Anglo Asian-ը հասանելիություն է ստացել Կաշենի հանքավայրին: Այս մասին հայտարարել է ընկերության փոխնախագահ Սթիվեն Վեսթհեդը (Stephen Westhead):

Anglo Asian-ի կայքում ասվում է, որ հանքաքարը արդյունահանվում է բաց հանքից և վերամշակվում հարևանությամբ գտնվող հարստացուցիչ ֆաբրիկայում: Բնականաբար, ոչ մի խոսք չկա այն մասին, որ սա «Բեյզ Մեթըլսի» կառուցած համալիրն է, որն, ըստ էության, օդից ընկել է Anglo Asian-ի ձեռքը: Նշվում է նաև, որ պոչերը տեղավորվում են ժամանակավոր ամբարում, իսկ առաջիկայում պետք է կառուցվի նոր պոչամբար: Ըստ բրիտանական հանքարդյունաբերողի՝ 2025-ին կանխատեսվում է արտադրել մոտ 4.000 տ պղինձ, իսկ 2026-ից սկսած տարեկան արտադրությունը պետք է հասնի 15.000 տոննայի: Anglo Asian-ի տեղեկացմամբ՝ վերջին երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բացահանքը ընդլայնելու հնարավորություն կա:

Հիշեցնենք, որ Anglo Asian Mining-ի հետ կնքած պայմանագրի համաձայն (այն կոչվում է Production Sharing Agreement (PSA)՝ արտադրանքի բաժանման համաձայնագիր)՝ Ադրբեջանի կառավարությունն ու բյուջեն ևս շահ են ակնկալում:

Ըստ այդ պայմանագրի՝ բրիտանական կողմը կարող է ստանալ օգտակար հանածոների վաճառքից գոյացած հասույթի առավելագույնը 75 %-ը, ինչի նպատակն ընկերության կողմից կատարվող ծախսերը փոխհատուցելն է: Մնացած հասույթը (նվազագույնը 25 %) բաժանվում է կողմերի միջև հետևյալ կերպ՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությանը՝ 51 %, բրիտանական արդյունաբերողին՝ 49: Այսինքն՝ օգտակար հանածոյի վաճառքից գոյացած հասույթի առավելագույնը 87,75 %-ը բրիտանական կողմինն է, իսկ մնացածը (12,25 %)՝ Ադրբեջանինը:

Բացի դրանից՝ ընկերությունը վճարում է 32 % շահութահարկ:  

Մեր նախորդ հոդվածում (2022 թ. դեկտեմբեր), մեջբերելով 2022-ի սեպտեմբերի պաշտոնական տվյալները, գրել էինք, որ Anglo Asian-ի բաժնետոմսերի 43 %-ը կենտրոնացած է դրա տնօրենների կամ նրանց փոխկապակցված ֆիզիկական ու իրավաբանական անձանց ձեռքում: Վերջին պաշտոնական տվյալներով (2024 թ. հոկտեմբեր)՝ այս պատկերը չի փոխվել, բայց որոշ փոփոխություններ եղել են:

Այսպիսով՝ Anglo Asian Mining-ի գլխավոր բաժնետերը (28,7 %) ազգությամբ պարսիկ, ԱՄՆ քաղաքացի Մոհամադ Ռեզա Վազիրին է, որը նաև ընկերության նախագահն ու գործադիր տնօրենն է: Վերջինս բարձրաստիճան պաշտոնյա է եղել Իրանում մինչև 1979 թ. Իսլամական հեղափոխությունը, որը գահընկեց արեց այդ երկրի շահ Մոհամադ Ռեզա Փահլավիին: Հեղափոխությունից հետո Ռեզա Վազիրին հաստատվել էր ԱՄՆ-ում: Չնայած Anglo Asian-ը գրանցված է Մեծ Բրիտանիայում, դրա գործունեության առանցքային ուղղությունը Ադրբեջանն է: Ռեզա Վազիրին նաև ԱՄՆ-Ադրբեջան առևտրային պալատի հիմնադիր է ու տնօրենների խորհրդի ցմահ համանախագահը: Նաև այս պալատի միջոցով նա սերտ կապեր ունի ամերիկացի ու ադրբեջանցի նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Վազիրիին է փոխկապակցված նաև Anglo Asian-ի 3,53 %-ի բաժնետեր Limelight Industrial Developments Limited-ը: 2022-ին գրել էինք, որ սրա շահառու սեփականատերը Յասամին Վազիրի Լոթֆինեժադն է (Yasamin Vaziri Lotfinezhad), որը կապ ունի Ռեզա Վազիրիի հետ: Այսինքն՝ Վազիրիների ձեռքում է Anglo Asian-ի 32,2 %-ը:  

Վազիրիներից հետո Anglo Asian-ում երկրորդ խոշոր բաժնետերը Սունունու ընտանիքն է: Եթե 2022-ին Anglo Asian-ի 9,38 %-ն ամբողջությամբ պատկանում էր ամերիկացի նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչ, հանրապետական Ջոն Սունունուին, ապա այսօր այս բաժնեմասից 1,36 %-ն է նրա անունով, իսկ մնացած 8,02 %-ի բաժնետերը Sununu Holdings LLC-ն է: Anglo Asian-ի միջոցով Սունունու ընտանիքի մասնակցությունը հանքարդյունաբերության մեջ էթիկական և բնապահպանական մտահոգություններ էր առաջացրել ԱՄՆ-ում: Ջոն Սունունուն և նրա որդիներից Մայքլը Anglo Asian-ի տնօրենների խորհրդի ոչ գործադիր անդամներ են:

1,27 % բաժնեմաս ունի Խոսրով Զամանին (Khosrow Zamani), որը ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է և այստեղ ներգրավված է որպես ոչ գործադիր անդամ: Ազգությամբ պարսիկ Զամանին, որն ԱՄՆ քաղաքացի է, ֆինանսական և բանկային համակարգում է աշխատել, այդ թվում՝ Թուրքիայում ու Սերբիայում: Բրիտանական ընկերության 0,3 %-ն էլ պատկանում է Լոնդոնի կայսերական քոլեջի բրիտանացի պրոֆեսոր Ջոն Մոնհեմիուսին (John Monhemius), որը ևս որպես անկախ անդամ ընդգրկված է տնօրենների խորհրդում: Մոնհեմիուսը լեռնամետալուրգիայի ոլորտում ակադեմիական ու արդյունաբերական հետազոտությունների ավելի քան 40 տարվա փորձ ունի:

Ինչ վերաբերում է Մարտակերտի ու Ասկերանի շրջանների մի մասն ընդգրկող և Դրմբոնի հանքը ներառող Ղզլբուլաղ պայմանագրային տարածքին, ապա Anglo Asian-ի կայքում նշվում է, որ դրա մակերեսը 462 քկմ է, և այստեղ կան մի քանի հանքեր, իսկ տարածքն ունի մեծ պոտենցիալ հետախուզական աշխատանքների համար:

«Հետք»

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ