Последние новости

Հակոբ Հավաթյան. Վերջին 40 տարում սա Լիբանանի հայ համայնքի ստացած ամենամեծ ցնցումն էր

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից ամենամեծ վնասները կրել են Բուրջ Համուդի հայաշատ շրջանը, Բեյրութի մի շարք այլ շրջաններ, ներառյալ հայկական շրջանները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Հավաթյանը:

Նա նշեց, որ հիմա վիրավորների և մահացածների ճշգրիտ թիվ չի կարող ասել, քանի որ դեռ բուժման, օգնություն ցուցաբերելու աշխատանքները շարունակվում են: «Ամբողջական զորաշարժ է համայնքի մեջ: Մեծ վնասներ են կրել եկեղեցական, ազգային, կուսակցական, բարեգործական, միութենական, կրթական դպրոցներ և հաստատություններ: Բուրջ Համուդի շրջանի բնակիչների բոլոր տները վնասվել են, իհարկե, վնասների չափը տարբեր է, կան, որ պարզապես ապակիներն են կոտրվել: Վնասվածքների զգալի մասը ապակիների պատճառով են մարդիկ ստացել, իհարկե, կան նաև ծանր վնասվածքներ ու կոտրվածքներ ունեցողներ»,- պատմեց նա:

Հակոբ Հավաթյանի փոխանցմամբ՝ այս պահին արդեն իսկ Բուրջ Համուդի քաղաքապետարանը և հայկական ակումբներն սկսել են ճանապարհների մաքրման աշխատանքները, որ երթևեկությունը կարգավորվի: Նա նշեց, որ շենքերի դարպասներն են մաքրում, ամեն մարդ աշխատանքի մեջ է:

«Մենք փորձառություն ունենք և հավաքական ջանքերով այս աղետը կհաղթահարենք: Ամբողջ ժողովուրդը զորաշարժի մեջ է և դա իրենց համար ոչ թե պարտականություն է, այլ իր տան պես է զգում ամբողջ Բուրջ Համուդը: Բուրջ Համուդը վայելում է համայն հայության զորակցությունը: Երեկ գիշերվանից արդեն արտասահմանյան տարբեր գաղութներից զորակցական հայտարարություններ եղան: Արամ Առաջին վեհափառը պայթյունից կարճ ժամանակ անց անձամբ եկավ Բուրջ Համուդ՝ տեղում ծանոթացավ ավերվածությանը և ամբողջ լիաբանանահայությանն իր զորակցությունը հայտնեց: Ցնցումը համատարած է, մեծ է, սգում ենք նաև զոհերի կորուստը, հույս ունենք, որ այդ թիվը չի ավելանա և այս ցնցումից ևս լիբանանահայությունը պատվով դուրս կգա»,- նշեց նա:

Հավաթյանի խոսքով՝ նյութական վնասներն աննախադեպ են: «Անցնող 40 տարվա ցնցումներից, որ համայնքը ստացել էր, այս մեկն ամենամեծն է, նաև պետք է հաշվի առնել, որ Լիբանանը հիմա ապրում է թե՛ տնտեսական ճգնաժամ, և թե՛ համավարակով պայմանավորված դրություն և սա եկավ էլ ավելի ծանրացնելու իրավիճակը»,- ասաց Հավաթյանը:

Հարցին՝ դեռ պաշտոնական վարկած չկա՞, թե ինչից է եղել պայթյունը, Հավաթյանը նշեց, որ այս պահի դրությամբ հետաքննությունը շարունակվում է, պետական մարմիններն աշխատանքի մեջ են: «Բեյրութի նավահանգիստը գրեթե ամբողջությամբ քանդված է և դա տնտեսական իմաստով էլ իր վատ անդրադարձը պետք է ունենա առաջիկա ամիսներին, որովհետև մայր երակն է ապրանքատար աշխատանքի»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է վարկածին, թե Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը դարձել Է պահեստում պահվող ամոնիումի նիտրատը, Հավաթյանը նշեց, որ նման որոշ ուսումնասիրություններ կատարվում են, բայց դատական մարմինները աշխատանքի մեջ են՝ պարզելու համար պատասխանատուներին և հիմնական պատճառները: Նա հավելեց, որ մինչև հիմա վերլուծությունները մասնագիտական հենք չունեն, պետք է ամբողջական մասնագիտական աշխատանքն ավարտվի և այդ մեկն իբրև պաշտոնական եզրակացություն տրամադրվի:

Հարցին՝ անտուն մնացած հայեր կա՞ն, նա պատասխանեց. «Անտուն մնացած հայեր չունենք, որովհետև այն բնակարաններում, որոնք շատ մեծ վնասներ են կրել, մեր ակումբները վերականգնման աշխատանքներ են կատարել, դասավորումներն արվել են և մինչև երեկո ամեն մարդ իր տան մեջ կարող է մնա, սա հստակ է»:

Ինչ վերաբերում է Հայաստանից արձագանքին, Հավաթյանը նշեց, որ զորակցական խոսք ստացել են և´ Հայաստանից, և´ Արցախից: «Դա բնական է, որ Հայաստանն ու Արցախն այս հանգրվանին իրենց զորակցությունը հայտնեցին: Վստահ ենք, որ Բուրջ Համուդը՝ իբրև սփյուռքահայության միջնաբերդ, շատ շուտով պետք է ստանա համահայկական ամբողջական զորակցություն՝ իրեն վերագտնելու, իր երթը վերանորոգ հանձնառությամբ շարունակելու առումով»,- ասաց նա:

Ի պատասխան հարցի, թե ինչ օգնության կարիք ունեն Հայաստանից, նա պատասխանեց. «Հումանիտար օգնության կարիք չկա, որովհետև արդեն իսկ վիրավորները բուժման ընթացքի մեջ են, սակայն նյութական աննախադեպ այս ընթացքը պահանջում է համահայկական զորակցության: Դեռ Հայաստանից պաշտոնական որևէ բան չկա, վերքը նոր է, առաջին առիթով զորակցությունների ականատես դարձանք: Մենք վստահ ենք, հավատում ենք, որ այդ համահայկական զորակցությունը, 10 մլն հայության զորակցությունը պետք է ստանա այս համայնքը»,- հույս հայտնեց նա:

Ստեղծված իրավիճակում հանարավո՞ր է հայ համայնքը ցանկություն հայտնի գալ Հայաստան: Այս հարցին Հավաթյանն այսպես պատասխանեց. «Հայաստանը հայերի տունն է, արդեն բավական թվով հայեր այնտեղ հաստատված են, հայրենադարձության թեման գոյություն ունի, բայց այս պարագան այդ խուճապային վիճակը չէ, այնպես չէ, որ ժողովրդի մոտ փրկության համար զանգվածային ձևով շարժելու մտադրություն կամ հարց լինի: Այս ճգնաժամը պետք է հաղթահարվի ողջ Բուրջ Համուդի հայության և լիբանանահայության ներդրումով: Անշու՛շտ նրանք, որ այս դեպքից առաջ էլ էին ցանկանում վերադառնալ, կվերադառնան, բայց դա այս դեպքով չէ պայմանավորված: Հայաստան փոխադրվելու զանգվածային այդպիսի տրամադրություն կամ իրողություն գոյություն չունի»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ