Последние новости

Ադրբեջանում մահացած հայ գերու մահվան հանգամանքները պաշտոնապես դեռ հայտնի չեն

Ադրբեջանի կողմից գերեվարված ու մինչ Հայաստանին արտահանձնումը մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն: Քննչական մարմինը մինչ այդ ձեռնպահ է մնում մահվան հնարավոր պատճառի մասին որևէ հայտարարություն անելուց:

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնի ծառայողները՝ պետի գլխավորությամբ, եղել են սահմանային անցակետում, մասնակցել Միշա Մելքումյանի դիակի փոխանցման գործընթացին, այնուհետև տեղում` դատաբժշկական փորձագետի մասնակցությամբ, արտաքին զննության են ենթարկել դին:

Հետո արդեն նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները դեռ հայտնի չեն:

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Զառա Ամատունին ևս Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց, որ Միշա Մելքումյանի մահվան պատճառների մասին տեղեկություն Կարմիր Խաչը ևս չունի:

«ԿԽՄԿ բժիշկն Ադրբեջանում այցելել է Միշա Մելքումյանին: Նա ևս հաստատել է, որ այցելության պահին Մելքումյանի առողջական վիճակը ճամփորդության համար հակացուցված էր»,- ասաց Ամատունին՝ ընդգծելով, որ բժշկի եզրակացությունը վերաբերել է այցելության պահին նրա առողջական վիճակին:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն այսօր լուրջ կասկածներ էր հայտնել, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող 84 տարեկան Միշա Մելքումյանը սպանվել է ադրբեջանցիների ձեռամբ: Նրա հարազատները պաշտպանին տեղեկացրել են, որ նախքան գերությունը նա առողջական էական խնդիրներ չի ունեցել։ «Սա նշանակում է, որ նա Ադրբեջանում խոշտանգումների է ենթարկվել, ինչի հետևանքով էլ մահացել է»,- նշել էր Արտակ Բեգլարյանը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ