Логотип

Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ կմնա ևս 1 ամիս. պաշտպանը լրջագույն խնդիր է տեսնում

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Ստեփանյանի գլխավորությամբ, որոշեց բավարարել քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանի միջնորդությունը և ևս 1 ամսով երկարաձգել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը։ Տեղեկությունը դատարանի բակում հայտնեց Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը` նշելով, որ այս որոշումն ուղիղ միջամտություն է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

«Մենք ունենք իրավիճակ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահի կողմից նախընտրական գործընթացի ամենապատասխանատու փուլում, հատկապես նախընտրական ցուցակների ձևավորման տեսանկյունից, մենք արդեն ունենք լուրջ խնդիր։ Սա քաղաքական գործընթացի, հավասարության, արդարության, մրցակցության պայմանների ապահովման տեսանկյունից լրջագույն խնդիր է, եթե չասեմ խաթարման ռիսկ»,–հայտարարեց Վարդևանյանը։

Նա նշեց, որ Կարապետյանին արգելված է նույնիսկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ելույթ ունենալը, ինչն անհավասար պայմաններ է ստեղծում նախընտրական շրջանում մրցակիցների հետ։

Տնային կալանքի պայմաններում սահմանափակված են նաև Սամվել Կարապետյանի շփումները` բացառությամբ ընտանիքի անդամների ու մերձավոր ազգականների։

Իր եղբորորդու` Նարեկ Կարապետյանի հետ, օրինակ, Սամվել Կարապետյանը հանդիպելու իրավունք չունի։

Պաշտպանը հայտնեց, որ որոշումը ստանալուն պես այս դատական ակտը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում։

Նշենք, որ նիստը մեկնարկել էր մարտի 13–ի 12։00-ից, դրանից 7 ժամ անց մոտ 1 ժամով ընդմիջվել ու վերսկսվել ժամը 20։00-ին։ Վճիռը հրապարակվեց 12,5 ժամ հետո։

Sputnik Արմենիա