Մինչ եվրոպական առաջնորդները հավաքվում են Երևանում ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին, իրավապաշտպան խումբը հրապարակում է Հայաստանում հայտնի քաղբանտարկյալների ցուցակը: « Խորհրդային իշխանության ամենավատ դրսևորումների ժամանակներից ի վեր Հայ Առաքելական Եկեղեցին չի բախվել պետության կողմից աջակցվող նման խորության և ինտենսիվության հետապնդումների », – ասվում է Christian Solidarity International (CSI) կազմակերպության կողմից այսօր հրապարակված նոր զեկույցում:
Զեկույցը ներառում է Հայաստանում հայտնի քաղբանտարկյալների ցանկը, որն իր տեսակի մեջ առաջինն է, որը հրապարակվել է միջազգային իրավապաշտպան խմբի կողմից:
Զեկույցի հեղինակը միջազգային իրավաբան և պատմաբան Փիթեր Ֆլյուն է, որը մասնագիտացած է Արևելյան Եվրոպայում, բալթյան երկրներում և Կովկասում կրոնական ազատության հարցերում: Զեկույցը հիմնված է Հայաստանում նրա վերջին հետազոտական առաքելության արդյունքների վրա ։ Համատեղելով իրավաբանական վերլուծությունը պատմական համատեքստի հետ՝ զեկույցը մանրամասն նկարագրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «եկեղեցին պետական վերահսկողության ենթարկելու» փորձերը։
Զեկույցում հիշատակված քաղբանտարկյալների թվում են հոգևորականները, նրանց հարազատները, փոդքաստների հեղինակները, եկեղեցական աշխատողները և այլ անձինք, որոնք ձերբակալվել են հայկական իշխանությունների կողմից եկեղեցու դեմ արշավի ընթացքում: Քաղբանտարկյալների ցուցակը կազմվել է CSI-ի կողմից՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հետ խորհրդավությունների ընթացքում:
Զեկույցի հրապարակումը զուգադիպել է եվրոպական առաջնորդների Երևան այցին․ մայիսի 4-ին այստեղ անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, իսկ մայիսի 5-ին’ ԵՄ-Հայաստան պատմության մեջ առաջին գագաթնաժողովը:
« Եվրոպական առաջնորդները, որոնք լավ կազմակերպված քաղաքական միջոցառումների են մասնակցում Երևանի կենտրոնում, պետք է իմանան, որ նրանք գտնվում են բանտից մի քանի րոպե հեռավորության վրա, որտեղ շինծու մեղադրանքներով պահվում է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը », – հայտարարել է CSI-ի հասարակայնության հետ կապերի տնօրեն դոկտոր Ջոել Ուելդկամպը:
2025 թվականի մայիսից վարչապետ Փաշինյանը հրապարակային քարոզարշավ է իրականացնում ՝ փորձելով պարտադրել Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին հրաժարական տալ։ Ինչպես հետևում է զեկույցից, Փաշինյանի կառավարությունը կալանավոոորել է Հայաստանի երեք արքեպիսկոպոսների, կաթողիկոսի և այլ բարձրաստիճան եկեղեցական առաջնորդների համար կիրառել ելքի արգելքներ, ինչպես նաև փորձել է պառակտում հրահրել եկեղեցում:
2026 թվականի մարտի 12-ին Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանը (watchdog-խումբ, որի ղեկավարության կազմում է Human Rights Watch-ի նախկին գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը) նախազգուշացում է տարածել Հայաստանում ժողովրդավարությունից նահանջի մասին, ներառյալ « կառավարության կողմից դատական համակարգի և
անվտանգության ուժերի ակնհայտ օգտագործումը որպես զենք քաղաքական ընդդիմախոսների դեմ »։
Եկեղեցու դեմ կառավարության արշավը սկսվել է 2025 թվականի մայիսին, այն բանից հետո, երբ կաթողիկոսը ելույթ է ունեցել Շվեյցարիայում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կազմակերպած խորհրդաժողովում: Այնտեղ կաթողիկոսը հրապարակավ հանդես էր եկել ի պաշտպանություն 2023 թվականին Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների ենթարկված Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների, և կոչ արել նրանց իրավունք տալ վերադառնալու իրենց տները:
Փաշինյանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դարձրել է իր ազգային ծրագրի կենտրոնական կետը և փախստականների վերադարձի իրավունքի քննարկումը անվանել « վտանգավոր » խաղաղության համար: Մարտին Եվրախորհրդարանում ունեցած իր ելույթում նա Եկեղեցու առաջնորդներին մեղադրել էր Ադրբեջանի հետ նոր պատերազմ հրահրելու ձգտման մեջ։
Զեկույցի ներածության մեջ CSI-ի նախագահ Ջոն Էյբները պնդում է, որ եկեղեցու դեմ Փաշինյանի կառավարության արշավը պետք է դիտարկել որպես Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերի մի մաս ՝ « հայ ազգը թուլացնելու և նրան Թուրքիայի ղեկավարությամբ տարածաշրջանում ձևավորվող կարգին ենթարկվելուն և ինտեգրվելուն դիմադրելու ունակությունից զրկելու » նպատաակով։
« Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին ավելի մեծ խոչընդոտ է հանդիսանում Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերի համար, քան՝ ցանկացած այլ հայկական ինստիտուտ « , – հայտարարում է Էյբները:
Զեկույցն ավարտվում է CSI-ի մի շարք պաշտոնական հանձնարարականներով եվրոպական և ամերիկյան քաղաքական գործիչների համար: Դրանք ներառում են․ առանց պետության միջամտության իր առաջնորդներին ընտրելու Հայոց եկեղեցու իրավունքի հրապարակային հաստատում, Հայաստանի կառավարությանը ուղղված կոչ՝ ազատ արձակել կալանավորված հոգևորականներին և մյուս քաղբանտարկյալներին, փոխգործակցություն Հայաստանում անկախ իրավապաշտպան խմբերի հետ, Շվեյցարիայի խորհրդարանի աջակցություն « Լեռնային Ղարաբաղի շոոուրջ խաղաղության նախաձեռնությանը »։
« Հիմա սկզբունքային և համակարգված գործողությունների պահն է », – եզրափակում է Ֆլյուն զեկույցում: «Հայաստանի անվտանգությունն ու բարգավաճումը չեն ամրապնդվի Հայ Առաքելական Եկեղեցու ենթակայության հաշվին: Ընդհակառակը, դրանք կախված են բոլոր հայերի հիմնարար իրավունքների պաշտպանությունից, ինչպես նաև նրանց ազգային եկեղեցուց» ։
Նշենք, որ Christian Solidarity International-ը (CSI) միջկրոնական քրիստոնեական իրավապաշտպան խումբ է, որը հանդես է գալիս կրոնական ազատության և մարդկային արժանապատվության օգտին: Այն օգնում է կրոնական հետապնդումների զոհերին, տուժած երեխաներին և աղետների զոհերին: CSI-ն ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդին առընթեր խորհրդատվական կարգավիճակ ունեցող ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1977 թվականին Շվեյցարիայում ՝ Հանս Շտյուկելբերգերի կողմից, և գործունեություն է ծավալում ավելի քան 20 երկրներում:
