Логотип

Հիլդա ՉՈԲՈՅԱՆ. ԱՌԱՆՑ ԳԵՐԻՆԵՐԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ՝ ՍԱ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆՈՒՅՆԻՍԿ ՈՉ ԹԵ ԻՄԻՏԱՑԻԱ Է, ԱՅԼ ԾԱՂՐԱՊԱՏԿԵՐ

«Այսպիսի փոխհարաբերությունների պարագայում երկու երկրների միջև խաղաղություն լինել չի կարող, հատկապես «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի ակտիվ առաջմղման և դրա իրականացման համար պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների խորապատկերին։ Սա խաղաղության նույնիսկ ոչ թե իմիտացիա է, այլ ծաղրապատկեր»,- վստահ է Իրավունքի և հակամարտությունների կարգավորման փարիզյան «Կովկաս» կենտրոնի տնօրեն, հայ գերիների հարցերով զբաղվող «Libertas» նախաձեռնության համակարգող Հիլդա Չոբոյանը

Վերջին շաբաթներին ձեր «Libertas» խումբը նկատելիորեն ակտիվացել է սոցցանցերում։ Մասնավորապես, տեղեկություններ հրապարակվեցին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով Կայա Կալլասին Եվրախորհրդարանի 36 պատգամավորների հղած դիմումի, ինչպես նաև հայ պատանդների հարցով Ֆրանսիայի արտգործնախարարին Նիցցայից պատգամավոր Քրիստել ԴԻնտորնիի դիմումի մասին և այլն: Խնդրում եմ, ավելի մանրամասն պատմեք այդ մասին:

-Հայ գերիների և պատանդների հարցը, ցավոք, լոկ ժամանակ առ ժամանակ է ակտիվանում տեղեկատվական օրակարգում։ Իսկ մենք ցանկանում ենք շարունակական լրատվական հոսք ապահովել այս թեմայով, ուստի որոշել ենք տարածել ցանկացած տեղեկատվություն՝ ինչ երկրի, կազմակերպության կամ իրադարձության էլ որ այն վերաբերի։

Պետք է նշել, որ աշխարհում արդեն ստեղծվել է Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայերի խնդրով զբաղվող բավական լայն ցանց, որի մասն էլ մեր նախաձեռնությունն է։ Մշտապես տեղի են ունենում ամեն տեսակի միջոցառումներ, մշակվել է գործողությունների ծրագիր։ Դրա առաջին կետը Բաքվում անցկացված СОР29 համաժողովն էր, երկրորդը՝ Երևանում մայիսին կայանալիք Եվրոպական համայնքի գագաթնաժողովը։

Ձեր հիշատակած դիմումները ևս այդ աշխատանքի մասն են և գործադիր իշխանության վրա օրենսդիր մարմինների ներկայացուցիչների ազդեցության փորձ:

Եվ ինչպիսի՞ն են այդ և այլ դիմումների պատասխանները:

-Դրանք հիմնականում հերթապահ բնույթ են կրում՝ «մենք գիտենք խնդրի մասին, մտահոգված ենք, հետևում ենք» կարգի, ոչ ավելին։ Ուստի մեր ծրագիրը նպատակ ունի ակտիվացնել այդ աշխատանքը և ներգրավել տարբեր մակարդակի հնարավորինս մեծ թվով պատգամավորների, ինչպես նաև հասարակական և իրավական ոլորտի գործիչների, և այդպիսով մշտապես ուշադրության կենտրոնում պահել հարցը:

Մեր գործունեության մյուս ուղղությունը անմիջական աշխատանքն է վերադարձած գերիների հետ՝ հայկական կառույցների և ԿԽՄԿ պատվիրակության հետ համատեղ։ Նախագիծն ուղղված է նրանց ռեաբիլիտացիային, քանի որ այդ մարդիկ անցել են խոշտանգումների և տառապանքների միջով և ունեն ֆիզիկական, հոգեբանական, ինչպես նաև սոցիալական բնույթի ծանր խնդիրներ՝ կապված հասարակության մեջ նրանց վերաինտեգրման բարդության հետ:

Մեր նպատակն է՝ ստեղծել հայկական հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների, ինչպես նաև ԵՄ ներկայացուցիչների ներգրավմամբ մի կառույց, որը կզբաղվի մարդկանց այդ թեկուզև փոքր խմբի խնդիրների լուծմամբ: Հայաստանը պետք է ցույց տա, որ ոչ միայն հարգում է զոհվածների հիշատակը, այլև չի լքում իր քաղաքացիներին, որոնք տուժել են պատերազմում, մասնավորապես՝ անցնելով գերության մղձավանջի միջով:

Այդպիսի ծրագրեր պետք է իրականացնի նախևառաջ պետությունը։

-Պետք է, բայց չի անում: Նույնիսկ հիմա, երբ ակներև են քաղաքական դրդապատճառները, հարցին պատշաճ ուշադրություն չի հատկացվում։ Ճիշտ է, բոլորովին վերջերս ՀՀ ԱԳ նախարարն ու ԱԺ խոսնակն անսպասելիորեն խոսեցին այդ մասին միջազգային հարթակներում։ Այստեղ, իհարկե, առկա է նախընտրական գործոնը, այդուհանդերձ դա պետք է խրախուսվի, որպեսզի խնդիրները լուծվեն Հայաստանում, այլ ոչ թե Սփյուռքի կազմակերպությունների կողմից։

Ավելին, ինչպես որ մենք ենք Սփյուռքում փորձում ճնշում գործադրել մեր երկրների կառավարությունների վրա, այնպես էլ Հայաստանի ներսում հանրությունը պետք է գերիների հարցի նկատմամբ ուշադրություն ու լուծում պահանջի իշխանություններից։ Անհրաժեշտ է նաև ստեղծել հատուկ կառույց, որը կզբաղվի արդեն վերադարձածներով, նրանց պետք է հատուկ կարգավիճակ տալ։

Վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկար լռությունից հետո հաշվետվություն պահանջեց Բաքվից գերիների վիճակի մասին: Կարելի՞ է արդյոք կապել դա իրավապաշտպանների և հասարակական կազմակերպությունների գործադրած ճնշման հետ։ Չէ՞ որ ՀՀ իշխանությունները գործնական քայլեր չեն ձեռնարկում այդ ուղղությամբ...

-Կարծում եմ, միջազգային դատական ատյաններից իրենց հայցերը հետ կանչելու Հայաստանի իշխանությունների մտադրությունը ազդեցություն ունեցավ նաև Եվրադատարանի գործողությունների վրա։ Այդ կարգի հարցերում ազդեցությունը լինում է ինչպես անմիջական, այնպես էլ անուղղակի։

Բացի այդ, աշխարհում տիրող ներկայիս իրավիճակում միջազգային իրավունքը պարզապես անտեսվում է խոշոր տերությունների կողմից, իսկ այնպիսի կազմակերպությունների գործունեությունը, ինչպիսին Եվրոպայի խորհուրդն է, որին կից գործում է ՄԻԵԴ-ը, սահմանափակ ազդեցություն ունի իրադրության վրա։ Ընդ որում պետք է, իհարկե, հաշվի առնել նաև գործերի քննության տևողությունը Եվրադատարանում։

Մարտին հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները կոչ արեցին Արարատ Միրզոյանին պաշտոնապես դիմել Շվեյցարիային՝ գերիների հումանիտար իրավունքների պաշտպանության համար «հովանավոր տերության» դեր ստանձնելու խնդրանքով: Սակայն այդ դիմումին արձագանք չեղավ։

-Այդ կարգի կոչեր նախկինում էլ են հնչել, բայց Հայաստանի իշխանությունների կողմից պաշտոնական դիմում մինչ օրս չկա։ Կա միայն Շվեյցարիայի հայկական մի շարք կազմակերպությունների, ինչպես նաև մի խումբ հայ իրավապաշտպանների դիմումն այդ երկրի իշխանություններին՝ նման դեր ստանձնելու խնդրանքով։ Խոսքը նույնիսկ գերիներին ազատ արձակելու մասին չէ, այլ Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպանատան կողմից հումանիտար գործառույթների իրականացման, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության նմանությամբ, որի ներկայացուցչությունը Բաքվում, ինչպես հայտնի է, փակեցին։

Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների կողմից տարբեր հարթակներում ժամանակ առ ժամանակ հնչեցվող հայտարարությունները չեն ուղեկցվում, սակայն, հստակեցմամբ, թե ինչ վիճակում են այսօր գերիները և ինչ գործնական քայլեր է ձեռնարկում կառավարությունը նրանց վերադարձի համար: Հնարավոր է, որ կողասրահներում նրանք խոսում են այդ մասին, բայց դա ակնհայտորեն բավարար չէ: Համենայնդեպս այսպես կոչված խաղաղության բանակցությունների համատեքստում այս հարցը որպես առաջնային խնդիր և նախապայման երբեք չի դրվել։

Եվ որքանո՞վ իրական ու կայուն կարող է լինել «խաղաղությունն» այն պայմաններում, երբ Բաքվում գերիներ են մնում. ավելին, Ալիևը հայտարարում է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները երբեք ազատ չեն արձակվի:

-Իմ կարծիքով, սա պարզապես խաղաղության ծաղր է: Այսպիսի փոխհարաբերությունների պարագայում երկու երկրների միջև խաղաղություն լինել չի կարող, հատկապես «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի ակտիվ առաջմղման և դրա իրականացման համար պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների խորապատկերին։ Նման պայմաններում սա խաղաղության նույնիսկ ոչ թե իմիտացիա է, այլ ծաղրապատկեր։

Կարծում եմ, գերիների խնդիրը նաև գործիք է հայ ժողովրդի վրա ուժգին ճնշում գործադրելու համար։ Ընդ որում սա իրական ապացույցն է այն բանի, որ թշնամական պետությունը շարունակում է դրսևորել իր թշնամանքը՝ ազատ չարձակելով գերիներին, կազմակերպելով շինծու դատավարություններ և կայացնելով ապօրինի դատավճիռներ:

Ինձ թվում է, Բաքուն աստիճանաբար կվերադարձնի նրանց գերակշիռ մասին՝ քաղաքացիական անձանց, նրանց, ովքեր գերի են ընկել պատահաբար, բայց ազատ չի արձակի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ Եվ այս տեսանկյունից խնդիրը քաղաքական բնույթ ունի, այդ թվում՝ հենց Ադրբեջանի համար, և դեռ Հայաստանին ֆաշիստական պետություն ներկայացնելու մտադրությամբ։

Իսկ Հայաստանի իշխանություններն ի պատասխան ոչ միայն լռում են, այլև իրենք են մասնակցում նման դիսկուրսին։ Դա անթույլատրելի է, նույնիսկ եթե բանակցություններ են ընթանում։

Իսկ որքանով՞ է թույլատրելի, երբ քաղաքացիական ակտիվիստներ կոչեցյալների խումբը շարունակաբար այցելում է Բաքու, հանդիպումներ անցկացնում այնտեղ, խոսում խաղաղության մասին, նույն սեղանի շուրջ նստում նրանց հետ, ովքեր ակտիվորեն մասնակցել են Արցախի շրջափակմանը՝ շատ լավ իմանալով, որ բառացիորեն իրենց կողքին արդեն երրորդ տարին է գերության մեջ տանջվում են աներևակայելի տառապանքներ կրող հայրենակիցները, որոնք չգիտեն՝ երբևէ կտեսնեն արդյոք ազատությունը...

-Վստահ եմ, որ այդ խմբի մասնակիցների մեծ մասը, եթե ոչ բոլորը, իշխանության կողմից վերահսկվող կամ իշխանական շրջանակների հետ կապված մարդիկ են։ Դա երևում է հենց թեկուզ նրանից, որ իրենց հարցազրույցներում օգտագործում են իշխանության թեզերն ու փորձում արդարացնել դրանք։ Սփյուռքի ներկայացուցչի իմ կարծիքով՝ նրանք աշխատում են պատվերով, և ես գործնականում վստահ եմ, որ նրանց ընտրել են կառավարության մակարդակով։

Պատահական մարդիկ այնտեղ չկան, հետևաբար՝ ոչ մի անկախ օրակարգ չի կարող լինել։ Չենք խոսում արդեն այն մասին, որ Ադրբեջանում պարզապես չկա քաղաքացիական հասարակություն, ուստի չի կարող լինել նաև հասարակական երկխոսություն։ Եթե հայկական կողմի մասնակիցներն իսկապես ներկայացնեին հայ հանրությանը, ապա նրանց թեզերն ու հռետորաբանությունը բոլորովին այլ կլինեին։