ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հիմնական կետերը։
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ
– Բացարձակ առաջնահերթությունը հայրենակիցների իրավունքների պաշտպանությունն է միջազգային ատյաններում։
– Հայաստանի ինքնիշխան տարածքների ազատագրումը ադրբեջանական օկուպացիայից՝ առաջնահերթություն տալով գերիների, անհայտ կորածների և զոհված հերոսների ընտանիքների իրավունքների միջազգային պաշտպանությանը։
– Բարձր տեխնոլոգիաներով հագեցած պրոֆեսիոնալ բանակի ստեղծում, սեփական սպառազինության համակարգի զարգացման համար ներդրումների ապահովում։
– TRIPP-ի իրակագործում ԵԱՏՄ-ին անդամակցության վերարժևորում, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ կապերի խորացում՝ համաձայն Հայաստանի շահերի։
– Արցախցիների վերադարձի իրավունքի խթանում։
Առաջ կմղենք արցախցի մեր հայրենակիցների ապահով, արժանապատիվ և կամավոր վերադարձի հիմնարար իրավունքը միջազգային օրակարգում։
ՀԶՈՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ
– Նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների բարձրացում, աշխատանքի կորստի դեպքում ժամանակավոր եկամտի հատուցում մինչև 6 ամիս ժամկետով։
– Չմշակվող հողատարածքների ու լքված շինությունների տրամադրում զարգացման ծրագրեր ներկայացնողներին։
– Գրեթե զրոյական հարկային համակարգով արդյունաբերական գոտիների ստեղծում։
– Նոր հարկային համակարգի ներդրում։
– Շրջանառության հարկի և ԱԱՀ-ի վերացում՝ փոխարենը ներդնելով պարզ՝ 5 %-անոց հարկ։
– Արժեթղթերի շուկայի հասանելիություն բոլորի համար։
– Թվային դրամի ներդրում՝ ապահովելով պետական ֆինանսների թափանցիկությունն ու վերահսկելիությունը։
– Օտարերկրյա շուկաների հասանելիություն, գյուղմթերքի բրենդավորում և լոգիստիկ ուղեկցում, ապահովագրության զարգացում։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ
– Մարզերում անվճար բնակարանների տրամադրում 4 կամ ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին։
– Դպրոցների անհիմն օպտիմալացման դադարեցում, մանկապարտեզների թվի ավելացում, դրանք անվճար դարձնելը։
– Անցում պարտադիր 11-ամյա կրթությանը։
– 3 բուհական խոշոր կենտրոնների ձևավորում հյուսիսում, հարավում և Երևանում։
– Ուսուցիչների մասնագիտական զարգացման խրախուսում. կամավոր ատեստավորումը չհանձնող ոչ մի ուսուցիչ չի կորցնի իր աշխատանքը։
– Անվճար կրթություն պետական համալսարաններում ՀՀ քաղաքացիների համար, մասնավոր համալսարաններում՝ ճկուն վարկային համակարգի ներդրում՝ ուսման վարձի և կենսապահովման ծախսերը փոխհատուցելու համար։
– ՀՀ քաղաքացիներին անվճար բժշկական օգնության և համալիր ծառայությունների մատուցում Հայաստանի ամբողջ տարածքում։
– Բժշկական աշխատողների և ուսուցիչների վարձատրության նոր համակարգի ներդրում՝ հաշվի առնելով աշխատանքի վայրը, ռիսկայնությունը և ծանրաբեռնվածությունը։
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
– Սահմանադրական հանրապետության ձևավորում՝ իշխանության ճյուղերի միջև զսպումների և հակակշիռների իրական համակարգով։
– Հանրապետության նախագահը պետք է ընտրվի ուղղակի քվեարկությամբ և օժտված լինի ընդլայնված լիազորություններով։
– Քվեաթերթիկում «բոլորի դեմ» քվեարկելու հնարավորության վերականգնում և կուսակցությունների համար խորհրդարան մտնելու շեմի իջեցում։
– Դատական համակարգի իրական անկախության, ինչպես նաև անվճար և մատչելի իրավաբանական օգնության ապահովում, հանրային պաշտպանի ինստիտուտի։
