Քրդստանի ազգային կոնգրեսի (ՔԱԿ) գործադիր խորհուրդը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։ Իր հայտարարության մեջ ՔԱԿ-ը կրկին դատապարտել է 1915 թվականի ցեղասպանությունը և պահանջել դրա ճանաչումը բոլոր համապատասխան մարմինների ու հաստատությունների կողմից, հայտնում է ANHA գործակալությունը։
Քրդստանի ազգային կոնգրեսը (ՔԱԿ) Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով հրապարակել է գրավոր հայտարարություն, որում ասվում է.
«1915 թվականին Օսմանյան կայսրությունը և նրա դաշնակիցները սարսափելի ցեղասպանություն իրականացրին Միջագետքում և Անատոլիայում բնակվող քրիստոնյա բնակչության դեմ։ Այդ ցեղասպանության ընթացքում զոհվեցին նաև բազմաթիվ եզդի քրդեր։ Այս ցեղասպանությանը մասնակցել են «Միություն և առաջադիմություն» կոմիտեի ղեկավարները, «Թեշքիլաթ-ը Մահսուսա» ջոկատները, Համիդիե գնդերը և օսմանյան բանակի սպաները, որոնք մարդկության դեմ ծանր հանցագործություն են գործել։ Հայ և ասորի-սիրիացի-քաղդեացի ժողովուրդները բնաջնջվել են՝ նրանց պատմությունն ու մշակույթը ոչնչացնելու նպատակով։ Այս ցեղասպանությունը մարդկության դեմ անհերքելի հանցագործություն է։ Դրա ամենակոնկրետ և հավաստի ապացույցը ավելի քան մեկուկես միլիոն մարդու սպանությունն է։ Օսմանյան կայսրության ժողովրդագրական ցուցանիշները նույնպես հաստատում են այդ իրողությունը։
Ավելի քան կես միլիոն ասորի-սիրիացի-քաղդեացի ժողովուրդների ներկայացուցիչներ և ավելի քան մեկ միլիոն հայեր գազանաբար սպանվել են տարբեր վայրերում և տարբեր եղանակներով։ Հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են՝ «Տեղահանության մասին օրենքի» համաձայն։ Տասնյակ հազարավոր մարդիկ, հիմնականում աղջիկներ և երիտասարդ կանայք, բռնի կերպով իսլամացվել են և ենթարկվել անմարդկային հարկադիր ամուսնությունների։
Ոչնչացվել են հազարավոր բնակավայրեր, եկեղեցիներ, վանքեր, դպրոցներ, գրադարաններ և գործարաններ։ Անթիվ գույք և ակտիվներ թալանվել ու բռնագրավվել են։ Ասորի-սիրիացի-քաղդեացի և հայ ժողովուրդների կոտորածը, ինչպես նաև նրանց բնակավայրերի և մշակութային-պատմական արժեքների ոչնչացումը համարվել են թույլատրելի, իսկ էթնիկ և կրոնական զտումները իրականացվել են ջիհադի կոչերի միջոցով և հրամանագրերի հիման վրա։
Օսմանյան կայսրությունը դարեր շարունակ օկուպացրել էր Միջագետքի և Անատոլիայի հողերը, իսկ 1915 թվականին այնտեղ զանգվածային կոտորած կազմակերպեց։ Այս ցեղասպանության վերքերը մինչև օրս արյունահոսում են։ Ժողովուրդների ապրած այս վնասվածքը վերջին 110 տարիների ընթացքում շարունակում է մնալ ցավոտ ողբերգություն նոր սերունդների համար։ Այն փաստը, որ Թուրքիայի Հանրապետությունը՝ Օսմանյան կայսրության ժառանգորդը, նույնիսկ 110 տարի անց չի ճանաչել ցեղասպանությունը, նշանակում է, որ նա մեղսակից է այդ հանցագործությանը և շարունակում է այն այլ ձևերով։ Ցեղասպանության 111-րդ տարելիցին մենք կոչ ենք անում Թուրքիայի Հանրապետությանը ճանաչել ցեղասպանությունը և կատարել դրա հետ կապված պարտավորությունները։
Մենք՝ որպես ՔԱԿ, կրկին դատապարտում ենք 1915 թվականի ցեղասպանությունը և պահանջում, որ այն ճանաչվի բոլոր համապատասխան մարմինների ու հաստատությունների կողմից»։
News.am
