Логотип

Թրամփն իր ուղերձում «Հայոց ցեղասպանություն» եզրույթը չի գործածել

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում անթիվ հայերի հիշատակին, որոնք աքսորվեցին և գազանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ։

«Մեր համերաշխությունն ենք հայտնում Ամերիկայի բոլոր հայերին և ամբողջ աշխարհի հայությանը՝ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած կործանարար իրադարձությունների հիշատակի այս օրը, որոնք այսօր էլ շարունակում են ապրել այդ համայնքների հավաքական հիշողության մեջ։

Մարդկության պատմության այս գլուխը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և հույսի վկայություն։ Մենք պատվում ենք այն անհավանական ուժն ու վճռականությունը, որը ցուցաբերեցին հայերը՝ հաղթահարելով անցյալի ահռելի ողբերգությունները և կառուցելով ավելի լավ ապագա, որը բնորոշվում է բարգավաճմամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ։ Մենք պարտավորվում ենք լինել նրանց կողքին։

Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին կշարունակեն իրենց աշխատանքը՝ կառուցելու ավելի անվտանգ և բարգավաճ աշխարհ։ Իմ վարչակազմն ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ զգալի հնարավորություններ ընձեռելով հայ ժողովրդին և նպաստելով Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Ամերիկացիներն ու հայերը կողք կողքի կանգնած են պատմական Խաղաղության խորհրդում՝ միավորված ընդհանուր նպատակով՝ ջանք գործադրել խաղաղության նոր դարաշրջան սկսելու համար։

Հայոց հիշատակի այս օրը, սգալով Մեծ Եղեռնի (Meds Yeghern) ողբերգության ժամանակ զոհված անմեղ հոգիների համար, մենք վերահաստատում ենք անմեղներին պաշտպանելու, բոլոր ժողովուրդների միջև խաղաղության գործը առաջ մղելու և Ամենակարող Աստծո հանդեպ խորին երկյուղածություն սերմանելու մեր սրբազան կոչումը, որն աջակցում է մեզ բոլոր փորձությունների և հաղթանակների ժամանակ»,- նշել է նա։

News.am