Логотип

Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանին քննադատած պատմության ուսուցչի արդարացման դատական ակտը

Վճռաբեկ դատարանը բեկանել է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հայտարարություններ կատարած պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի արդարացման դատական ակտը՝ օրինական ուժի մեջ թողնելով նրան մեղավոր ճանաչելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի դատավճիռը, գրում է «Փաստինֆոն»։

Հիշեցնենք, որ Հակոբ Գրիգորյանը պատմության ուսուցիչ է եղել Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում։ Ըստ մեղադրանքի՝ պատմության ուսուցիչը համաձայն չի եղել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և 2021 թվականի մայիսի 21-ին՝ 7-րդ դասարանի պատմության դասաժամին, խոսելով պատերազմի, Շուշին հանձնելու մասին, աշակերտների ներկայությամբ, իբր, հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերով, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

Ուսուցչի հայտարարությունները ձայնագրվել են, հրապարակվել՝ «ֆեյսբուքյան» հարթակում, սակայն հայտնի չէ, թե ով է ձայնագրել ուսուցչի խոսակցությունը և որ էջում է հրապարակվել այն, միայն հայտնի է, թե այն իբրև հայտնաբերել ու զեկուցագիր է կազմել հետաքննության մարմնի աշխատակիցը։ Նախաքննության ընթացքում Գրիգորյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը և զղջացել կատարվածի համար, իսկ դատաքննության ընթացքում հայտարարել է, որ ողջունել էր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, իրեն էր ընտրել ընտրություններում։

«2020-ի սեպտեմբերի 27-ի 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ պատմությունը, ցավոք, սպիրալաձև կրկնվում է՝ մեր համար շատ ողբերգական ելևէջներով: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չեմ զբաղվել և ֆեյսբուքում չեմ եղել: Ուղղակի ֆեյսբուքի ծրագիրը քաշեցինք՝ դասի համար, հետո Zoom համակարգով արեցինք: Ոչ մի կուսակցության չեմ հարել կամ անդրադարձել»,-հայտարարել էր նա։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել Գրիգորյանին և դատապարտել 150 հազար դրամ տուգանքի։ Դատական ակտի դեմ բողոք է ներկայացվել Գրիգորյանի կողմից, որը բավարարվել է, արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը՝ կազմով դատավորներ

Մ.Արղամանյանի, Գ.Հովհաննիսյանի և Ռ.Պապոյանի, բեկանել է մեղադրական դատավճիռը՝ արդարացնելով Գրիգորյանին։

Վճռաբեկ դատարանը բեկանել է արդարացման դատական ակտը՝ օրինական ուժի մեջ թողնելով մեղադրական դատավճիռը։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ուղենիշային դիրքորոշումներ է արտահայտել ատելության խոսքի առավել ծանր դրսևորման՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հանցակազմի վերաբերյալ։

Վճռաբեկ դատարանը խոսքը որպես «բռնության կոչ» դիտարկելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար սահմանել է չափանիշներ՝ կարևորելով, որ յուրաքանչյուր դեպքում, ելնելով գործի կոնկրետ փաստական հանգամանքներից, դրանք պետք է գնահատվեն ոչ թե առանձին վերցված, այլ համակցության մեջ։

«Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հանրային գործունեություն իրականացնող, այդ թվում՝ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք և քաղաքական գործիչները, իրենց կարգավիճակով և գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, հասարակության կողմից թեև կարող են ավելի շատ և առավել կոշտ քննադատության ենթարկվել, ինչը ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտություն է, սակայն դա չի կարող դուրս գալ խոսքի ազատության թույլատրելիության սահմաններից և վերածվել պաշտոնատար անձի, առավել ևս նրա ընտանիքի անդամների նկատմամբ որոշակի հանգամանքներով, ներառյալ՝ քաղաքական հայացքներով պայմանավորված բռնության հրահրման կամ ատելության խոսքի»,- հայտնում են Վճռաբեկ դատարանից։

News.am