Логотип

Սուջյան․ Բաքվի բանտում երեկոյան 6-ից հետո անգամ բուժքույր չկա, մարդը կարող է մահանալ

Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ կապված գլխավոր մտահոգությունն այն է, որ նրանք պատշաճ բժշկական օգնություն չեն ստանում։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 2020 թվականի նոյեմբերից ադրբեջանական գերության մեջ գտնված և 2026 թվականի հունվարին Հայաստան վերադարձած Գևորգ Սուջյանը։

Ինչպես հայտնի է, հունվարի 14–ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով հանձնվեցին Հայաստանին։

«Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի հետևել, թե ինչպիսի իրավիճակում են հայ գերիները, նրանց առողջական վիճակը։ Այնտեղ բժշկական միջամտությունը զրո է։ Հետևողական չեն։ Երեկոյան 6–ից հետո այնտեղ բժշկական օգնությունը առհասարակ բացակայում է, նույնիսկ բուժքույր չկա։ Եթե մեկի հետ մի բան լինի, ոչ մի բժշկական միջամտությու չի լինելու, կարող են հանգիստ մահանալ»,–ասաց Սուջյանը։

Նա շեշտեց, որ իր դեմ կատարված անօրինական գործողությունների համար դիմել է Եվրոպական դատարան և ուզում է ցույց տալ, որ Բաքվում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիները բռնադատվածներ են։

«Պետք է ապացուցվի, որ անօրինական գործողություններով է առաջնորդվում Ադրբեջանի ղեկավարությունը, և հարցը բարձրացվելու է բարձր մակարդակներում»,–ասաց նա։

Sputnik Արմենիա