2022 թվականի ապրիլի 26-ին ժամը 18:19-ի սահմաններում հղիության յոթերորդ ամսում գտնվող Սոնա Մնացականյանը ցանկանում է հատել Պարոնյան–Լեո խաչմերուկը թույլատրելի հատվածում, և բախվում է վարչապետի ավտոշարասյանը և որևէ մեկը այդ շարասյունից չի կանգնում օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27–ին, «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» (ՔԻՀԿ) «Քաղաքացին և անարդարադատությունը Հայաստանում. Սոնա Մնացականյանի մահվան 4 տարին» թեմայով քննարկման ժամանակ նշեց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Շարասյունը նույն արագությամբ շարունակում է սլանալ տանելու ՀՀ վարչապետին ՔՊ խմբակցության պատգամավորների հետ պարզապես հանդիպման։ Դա չի եղել որևէ պլանավորված նիստ, չի եղել պետական նշանակության որևէ օրակարգ, այլ եղել է պարզապես ընթացիկ աշխատանքային հանդիպում իշխող խմբակցության ներկայացուցիչների հետ։ Սոնա Մնացականյանին օգնություն է ցուցաբերել պարզապես տվյալ տարածքով պատահաբար երթևեկող շտապօգնության մեքենան։ Այսինքն, այն բոլոր թեզերը, որ վարչապետը չի իմացել, կամ վարչապետը ինքն է ասել, որ շտապօգնություն կանչեն, գործի որևէ փաստական տվյալով չեն հավաստվել։
«Նաիրի» բժշկական կենտրոնի անձնակազմը հայտնել է, որ Սոնա Մնացականյանը այնտեղ է ժամանել արդեն մահացած վիճակում»,–ասաց նա։
Փաստաբանը նկատեց, որ այս հարցը շատ զգայուն էքարոզչամեքենայի համար. «եթե օրինակ, խոսենք Երևան քաղաքի փոսերից, այդքան մեծ ջանասիրությամբ իշխանական, պրոիշխանական ֆեյքերը չեն հարձակվի մեկնաբանություններում՝ փորձելով անհեթեթագույն թեզերով այս ամեն ինչը արդարացնել, որովհետև շատ զգայուն հարց է և բնականաբար այստեղ ճիշտ ու սխալը միանշանակ է։
Կա մի այսպիսի քարոզչական թեզ, թե խաչմերուկը պատշաճ արգելափակված է եղել, որպեսզի որևէ մեկը չերթևեկի էդ խաչմերուկով, ինչը սխալ է։ Տեսագրությունները վկայում են, որ այդ խաչմերուկում տվյալ ժամանակահատվածում, երբ պետք է վարչապետի շարասյունը մեկներ, և մեքենա է մտնում, որը մի կերպ է ճողոպրում վթարային իրավիճակից, և և հետիոտն է մտնում։ Այսինքն պատշաճ արգելափակում խաչմերուկի, որպեսզի այդտեղ չլինեն այլ երթևեկության մասնակիցներ, տեղի չի ունեցել, և այդ քարոզչական թեզերը, թե խնդրել են, ուղեկցող ոստիկան է եղել, որը հստակ պահանջ է ներկայացրել Սոնա Մնացականյանին չմտնելու խաչմերուկ, գործի որևէ տվյալով չեն հիմնավորվում»,–ասաց Սողոյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Պարոնյան փողոցում մահացու վրաերթի է ենթարկել հղի Սոնա Մնացականյանին, վրաերթից հետո նա հիվանդանոց էր տեղափոխվել մահացած վիճակում։
Գործի քննությունը ձգվել է շուրջ 3 տարի, ամբաստանյալի աթոռին էր մեքենայի վարորդը՝ Արամ Նավասարդյանը, որը դատապարտվեց ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։ Նույն ժամկետով էլ նա զրկվեց ավտոմոբիլ կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ Պատժին հաշվակցվեց Արամ Նավասարդյանի արգելանքի տակ գտնված ժամանակահատվածը, և վերջնական պատիժ նշանակվեց 1 տարի 5 ամիս 26 օրը։
Նշենք, որ գործով տուժող կողմը՝ Սոնա Մնացականյանի հայրը և նրա ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը միջնորդել էին դատարանին վարորդին ազատազրկել 4 տարի ժամկետով։ Իսկ մեղադրող կողմը միջնորդել էր ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։
Դատավճռից դժգոհ են թե՛ տուժող կողմը՝ Սոնա Մնացականյանի հայրը, թե՛ վարորդի պաշտպանները։ Սոնա Մնացականյանի հայրն ակնկալում էր առավել խիստ պատիժ` 4 տարվա ազատազրկում, իսկ վարորդի պաշտպան Ռուբեն Բալոյանը կարծում է, որ Արամ Նավասարդյանն անմեղ է։
Նշենք, որ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է զեկույց, որտեղ վերլուծվել են Սոնա Մնացականյանի վրաերթի գործով նախաքննական փուլի, դատական վարույթի, պետական պաշտոնյաների, իշխանական և մերձիշխանական լրատվամիջոցների, քարոզիչների արձագանքները։
Զեկույցում ներկայացված են Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների շարասյուների, ծառայողական մեքենաների ստեղծած վթարային իրավիճակները, Ս․ Մնացականյանի գործով թերի, խնդրահարույց քննություն և ձգձգվող դատավարույթան մանրամասներ, ինչպես նաև իշխանական ապատեղեկատվությունը ու քարոզչական ճնշումները։
News.am
