2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի խոշորագույն հարկատուները զգալիորեն ավելացրել են պետական գանձարան կատարվող մասհանումները՝ տնտեսության հիմնական ճյուղերի ակտիվության ֆոնին ապահովելով հարկային մուտքերի ավելի քան 12 տոկոս աճ:
Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ հունվար-մարտ ամիսներին երկրի 1000 առաջատար ընկերությունները պետական բյուջե են մուտքագրել ավելի քան 459,2 միլիարդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երբ արձանագրվել էր 409,3 միլիարդ դրամ, մուտքերի ընդհանուր ծավալն աճել է շուրջ 50 միլիարդ դրամով։
Ընդ որում, հարկային մարմնին կատարված վճարումները կազմել են ավելի քան 380,3 միլիարդ դրամ, մինչդեռ մաքսային վարչարարությունից գոյացած գումարը գերազանցել է 78,9 միլիարդ դրամը։ Հիմնական մուտքերն ապահովել են էներգետիկ ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, ծխախոտի արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային ու մանրածախ առևտրի և ֆինանսաբանկային հատվածի ներկայացուցիչները։
Խոշոր հարկատուների վարկանիշը գլխավորում է բջջային հեռախոսների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը՝ պետբյուջե վճարելով 21,3 միլիարդ դրամ։ Երկրորդ հորիզոնականում է «Գազպրոմ Արմենիան»՝ 19,7 միլիարդ դրամ ցուցանիշով, իսկ առաջատար եռյակը եզրափակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ պետական բյուջե մուտքագրելով 15,4 միլիարդ դրամ։ Առաջին հնգյակում ներառվել են նաև «Գրանդ Տոբակո» և «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունները, որոնք վճարել են համապատասխանաբար 11,5 միլիարդ և 8 միլիարդ դրամ։
Առաջատար տասնյակը համալրել են «Իմվամ» (6,8 մլրդ դրամ), «Դիջիթեյն» (6,7 մլրդ դրամ), «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» (6,3 մլրդ դրամ) և «Սիթի» (6,1 մլրդ դրամ) ընկերությունները, ինչպես նաև «Թեղուտը»՝ 6 միլիարդ դրամ վճարումով։ Երկրի տասնհինգ առաջատար հարկատուների շարքում իրենց դիրքերն են ամրապնդել նաև «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը» (5,4 մլրդ դրամ), «Սի Փի Էս Էներջի Գրուպը» (5,1 մլրդ դրամ), «Ամերիաբանկը» (4,8 մլրդ դրամ), «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (4,5 մլրդ դրամ) և «Կաբարկո» ընկերությունը՝ 4,4 միլիարդ դրամ ցուցանիշով։
Verelq.am
