Логотип

Ծաղիկներ և խաղալիքներ Պարոնյան-Լեո խաչմերուկում՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքացիներն այսօր ծաղիկներ և խաղալիքներ են բերել Երևանի Պարոնյան–Լեո խաչմերուկ, որտեղ 4 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի շարասյանի վրաերթի հետևանքով մահացավ Սոնա Մնացականյանն ու նրա չծնված երեխան։

Հիշեցնենք, որ 2022թ.–ի ապրիլի 26–ին, Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։

Երեք տարվա քննությունից հետո դատարանը մեղավոր ճանաչեց վարչապետի շարասյանն ուղեկցող մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանին՝ ճանապարհային կանոնների խախտմամբ մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրը լքելու համար: Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.5 տարի ազատազրկման։

Որպես լրացուցիչ պատիժ նշանակվեց տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկումը՝ 1.5 տարի ժամկետով։

«Մինչև օրս դեռ որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության, իսկ շարասյան արագության համար պատասխանատու՝ ղեկավար կազմի վերաբերյալ վարույթը դիտավորյալ կերպով «սառեցվել» է նախաքննության փուլում, թեև դատարանները երկու անգամ այդ վարույթով արձանագրել են տուժող կողմի իրավունքների խախտում, փաստացի պարտադրել են փորձաքննություն նշանակել ավտոմեքենաներում գործած ռադիոկապի ձայնագրության սարքով, պատշաճ միջոցներ ձեռնարկել ձայնագրությունը հայտնաբերելու ուղղությամբ, սակայն ոչինչ չի արվել»,– այսօր հայտնել էր փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

News.am