Логотип

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՍ ՋՆՋԻ

Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախօրեին ցանկանում եմ գոնե մի քանի խոսք ասել թուրքերի հրեշավոր ոճրագործությունները դատապարտած և մարդկության դեմ հանցագործություններ կատարողների պատասխանատվությունը մատնանշած առաջին մարդկանցից մեկի մասին: Խոսքս Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի մասին է։

Միլիոնավոր հրեաների բնաջնջած ֆաշիստների (Էնվերի, Թալեաթի և Ջեմալի փաստացի հետևորդների) հանցագործությունները դատապարտվեցին Նյուրնբերգյան դատավարությունում, և Հոլոքոստը ընդմիշտ մտավ պատմության մեջ։ Հայոց ցեղասպանության հարցում իրավիճակը քիչ ավելի բարդ է։

ՃԻՇՏ Է, ԴԵՌԵՎՍ 1915 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀՂԱԾ ՈՒՂԵՐՁՈՒՄ Ռուսաստանը, Ֆրանսիան և Անգլիան դատապարտել են թուրքական կողմի հանցավոր արարքները հայերի նկատմամբ և մատնանշել իշխանությունների պատասխանատվությունը կոտորածի և տեղահանությունների համար։ Ի պատասխան՝ թուրքերը հավաստիացնում էին, թե հայերի բնաջնջման մասին լուրերը սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։

Այդ ողբերգական օրերին առանձնակի հետևողական և արդար էին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի քայլերը։ Նա ճշմարտացի, ծավալուն տեղեկություններ ուներ տեղի ունեցող ամենի մասին (ներառյալ հայերի, այսպես կոչված՝ տեղահանության), հասկանում էր, որ թուրքերի նպատակը մեծաթիվ հայ բնակչության իսպառ բնաջնջումն է։ Նրա գնահատականը. «Վստահ եմ, որ մարդկության ողջ պատմության մեջ չկան այն աստիճան հրեշավոր փաստեր, ինչպիսին այս կոտորածն է։ Անցյալում տեղի ունեցած ջարդերն ու հալածանքները գրեթե աննշան են թվում 1915թ. հայ ժողովրդի տանջանքների խորապատկերին»։

Չնայած ընթանում էր Առաջին համաշխարհային պատերազմը, և ԱՄՆ-ը դեռևս պահպանում էր չեզոքությունը, դեսպանը, լինելով բարոյական բարձր հատկանիշներով օժտված անձնավորություն, չէր կարող անտարբեր մնալ մի ամբողջ ժողովրդի տառապանքների նկատմամբ։ Ուստի անում էր իրենից կախված ամեն ինչ, երբեմն դուրս գալով դիվանագիտական շրջանակներից: Զգալով, որ իր ջանքերը չեն բերում ցանկալի արդյունքը, Մորգենթաուն հրաժարվեց պաշտոնից 1916 թվականի գարնանը և վերադարձավ ԱՄՆ։

Այնտեղ նա բազմաթիվ աշխատություններ հրատարակեց ողբերգության մասին. «Հայերի ջարդի մասին» (1918), «Հայաստանը կանչում է» (1918), «Ինչու է պետք կործանել Օսմանյան կայսրությունը» (1918), «Կոչնչանա՞ արդյոք Հայաստանը» (1920), «Բոսֆորի գաղտնիքները. 1913-1916» (1918), «Հայաստանի ողբերգությունը» (1918), «Դեսպան Մորգենթաուի հուշերը» (1919)։ Նրա ողջ դիրքորոշումն ուղղված էր ոչ միայն մեկ ժողովրդի պաշտպանությանը, այլև վկայում էր այն ձգտման մասին, որ ապագայում ոչ մեկի հետ նման բան չպատահի։

Հ.Մորգենթաուի անունը փորագրված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիշողության պատին: Նրա պես մարդկանց ստեղծած ավանդույթները շարունակվում են։ Ուշացումով, ավելի քան մեկ դար անց՝ 2019 թվականին ԱՄՆ-ը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում։ Այդ կարևոր քայլին խոչընդոտելու թուրքական կողմի ջանքերն արդյունք չտվեցին։ Եվ, ի դեպ, այստեղ հարկ է նշել սենատոր Ռ.Մենենդեսի և այլոց վճռական դիրքորոշումը Կոնգրեսում: Նրանք քայլեցին Հենրի Մորգենթաուի գծած ճանապարհով։

… Ողբերգության հերթական տարելիցին տասնյակ հազարավոր հայեր կգան Ծիծեռնակաբերդում խոնարհվելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Չեմ ցանկանում խորանալ այսօրվա իրավիճակի որոշ քաղաքական շեշտադրումների մեջ։ Բայց անվիճելի է, որ պատմական հիշողությունը չես ջնջի, իսկ նրանք, ովքեր կփորձեն դա անել, պատմության մեջ կմտնեն համապատասխան հեղինակությամբ։

Արմեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, պատմական գիտությունների թեկնածու