Հայաստան ուղարկվող ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակը Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունների խորացումը ցուցադրելն ու արձանագրելն է, և ոչ ավելին։ Այս մասին հայտարարել է արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը՝ խոսելով Հայաստան 2 տարի ժամկետով նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին։
Մանասարյանը հիշեցրել է, որ պաշտոնապես առաքելությունն ուղարկվում է Հայաստան՝ աջակցելու այսպես կոչված «հիբրիդային սպառնալիքներին» դիմակայելու հարցում, ինչը ենթադրում է 4 բաղադրիչ. առաջինը՝ միջամտություն ընտրություններին, երկրորդը՝ ապատեղեկատվության և քարոզչության տարածում, երրորդը՝ կիբերհարձակումներ, չորրորդը՝ ապօրինի ֆինանսավորում։
«Այս առաքելությունը պետք է հետևի, որպեսզի արտաքին միջամտություն չլինի։ Կներեք, բայց եթե նայենք Եվրոպական միության գործունեությանը վերջին մի քանի տարիներին, տպավորություն է ստեղծվում, որ հենց իրենք են զբաղված ազգային պետությունների ընտրություններին միջամտելով»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ԵՄ աջակցությունն այս բաղադրիչով անհեթեթություն է թվում։ «Հիբրիդային սպառնալիքների» մյուս բաղադրիչների դեպքում, Մանասարյանի գնահատմամբ, մոտավորապես նույն իրավիճակն է։
«Երկրորդ բաղադրիչը ապատեղեկատվության և քարոզչության տարածումն է։ Նրանք, ովքեր հետաքրքրված են քաղաքական գործընթացներով, միշտ փորձում են նայել տարբեր աղբյուրներ, դիտարկել, հետևել։ Օրինակ՝ ես հետևում եմ և՛ ռուսական, և՛ արևմտյան աղբյուրներին։ Եվ ամենուր առկա է թե՛ ապատեղեկատվություն, թե՛ քարոզչություն։ Դա նորմալ է, որովհետև յուրաքանչյուր պետություն պաշտպանում է իր շահերը։ Սակայն այս դեպքում հարց է առաջանում՝ ո՞ւմ ապատեղեկատվությունից և քարոզչությունից պետք է այդ առաքելությունը մեզ պաշտպանի»,- հարց է բարձրացրել նա՝ միաժամանակ մատնանշելով իրավիճակի անմտությունը։
Անդրադառնալով կիբերհարձակումներից պաշտպանությանը՝ Մանասարյանը նշել է, որ չափազանց դժվար է պատկերացնել, թե ընդամենը 20-30 հոգի, որոնք, ենթադրվում է, կլինեն առաքելության կազմում, իրականում կկարողանան Հայաստանը պաշտպանել կիբերհարձակումներից։ Ավելին, շարունակել է նա, երկիրն առանց դրա էլ բավականին լուրջ ներուժ ունի կիբերսպառնալիքներին դիմակայելու համար՝ առանց դրսի օգնության։
Խոսելով «ապօրինի ֆինանսավորման» բաղադրիչի մասին՝ նախկին փոխարտգործնախարարը հարց է տվել, թե ընդհանրապես ինչ է ենթադրվում վերոնշյալ ձևակերպման տակ։ «Եթե խոսքն ընտրողների կաշառման մասին է, դա իրավապահ մարմինների աշխատանքն է։ Եթե խոսքն ավելի լայն իմաստի մասին է՝ ոչ կառավարական կառույցների ֆինանսավորման, ապա ի տարբերություն ԵՄ-ի, Ռուսաստանի կամ նույնիսկ Վրաստանի, Հայաստանում նույնիսկ դա հստակ սահմանող օրենք չկա։ Այդ դեպքում ինչի՞ց են մեզ պաշտպանելու»,- հայտարարել է Մանասարյանը։
Արդյունքում դիվանագետը եկել այն եզրակացության, որ նպատակը հանգում է քաղաքական բաղադրիչին։ «Այդ առաքելությունը, ըստ էության, պետք է ուղղակի արձանագրի Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորացումն ու դրանց զարգացումը։ Դա, եթե չեմ սխալվում, նշված է նաև իշխող կուսակցության ծրագրում»,- նշել է Մանասարյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանում ժողովրդավարությանն աջակցելուն, Մանասարյանը համոզված է, որ առաքելությունը դրա հետ որևէ առնչություն չի ունենա։ «Ես վստահ եմ, որ «Եվրոպական միություն» և «ժողովրդավարություն» ձևակերպումները չի կարելի գործածել նույն նախադասության մեջ, որովհետև վերջին տարիներին ԵՄ-ն ավելի ու ավելի է հակվում ավտորիտար գործելաոճի, հատկապես Բրյուսելի մակարդակով»,- հայտարարել է ՀՀ նախկին փոխարտգործնախարարը՝ մատնանշելով Հունգարիայի, Մոլդովայի ընտրությունները, հիշեցնելով Մարին Լը Պենի դեպքը և ԵՄ լիակատար լռությունը։
