Логотип

ԹՈՒՐՔԱԳԵՏ․ ՀԱՋՈՐԴ ՀԱՐՑԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԿՓՈՐՁԵՆ ԱԿՏԻՎԱՑՆԵԼ՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այժմ բոլորը քննարկում են Իրանին առնչվող խաղաղության համաձայնագրի հնարավորությունը, սակայն դա բավականին քիչ հավանական է թվում, թեև չի կարելի բացառել, հաշվի առնելով, որ ամերիկացիներն այս «ամբողջ ճաշը դրա համար չեն եփել»։ Այս մասին News.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր, ռուսաստանցի թուրքագետ Վլադիմիր Ավատկովը:

Ըստ Ավատկովի՝ ամերիկացիները բանակցություններն ի սկզբանե օգտագործել են որպես զորքերի կենտրոնացման գործոն՝ սեփական խնդիրները լուծելու համար ժամանակ շահելու նպատակով։

«Այնուհետև, տեսեք, ամերիկացիներն Եվրոպան ու Եվրոպական միությունն արհեստական պատնեշով անջատեցին Ռուսաստանից։ Հիմա նրանք փաստացի այդ արհեստական պատնեշն են կառուցում Մերձավոր և Միջին Արևելքում։

Ինչի՞ համար։ Առևտուրը վերակողմնորոշելու համար։ Նախկինում մենք սովոր էինք տեսնել Եվրոպան և Ասիան, որոնք ուղղակիորեն առևտուր էին անում։ Բայց չէ՞ որ ԱՄՆ-ում քարտեզը մի փոքր այլ տեսք ունի։ Այնտեղ կենտրոնում Հյուսիսային և Հարավային Ամերիկաներն են, իսկ Եվրոպան ու Ասիան՝ ծվատված են։ Այնպես որ, ինչո՞ւ չպատկերացնել, որ առևտուրն այլ կերպ կընթանա։ Այո՛, թանկ է։ Բայց չէ՞ որ եվրոպացիները թանկարժեք հեղուկ բնական գազ (ՀԲԳ) են գնում։ Ամերիկացիները նրանց ստիպեցին դա անել»,- պարզաբանել է փորձագետը։

Ըստ նրա՝ նույն կերպ եվրոպացիները կարող են թանկարժեք չինական ապրանքներ գնել, որոնք կանցնեն Հյուսիսային և Հարավային Ամերիկայով՝ Պանամայի ջրանցքով։

«Ի դեպ, հենց այդ պատճառով էր Թրամփն այդքան մեծ ուշադրություն դարձնում Պանամայի ջրանցքին, եթե Եվրոպայի և Ասիայի միջև ապրանքների շարժն այնպես, ինչպես նախկինում էր, հնարավոր չլինի։ Եվ, ըստ ամենայնի՝ դա հնարավոր չի լինի, հատկապես հաշվի առնելով այն, որ Հորմուզի նեղուցն ապաշրջափակված է, մինչդեռ իրականում շրջափակված է։ Ամերիկացիներն ապաշրջափակում են՝ շրջափակելով։ Դա է պահի էությունը։ Ինչո՞ւ կանգ առնել կիսատ-պռատ միջոցների վրա։ Ակնհայտ է, որ ամերիկացիները շահագրգռված են դիմակայության ընդլայնմամբ»,- ընդգծել է ռուսաստանցի թուրքագետը։

Ավատկովի կարծիքով՝ առճակատման երկրորդ փուլը կարող է բոլորովին այլ լինել։

«Ամերիկացիներին տեղի ունեցողի մեջ բոլոր խաղացողների առավելագույն ներգրավվածություն է պետք։ Արաբները չներգրավվեցին, սակայն շատ մեծ է հեռանկարը, որ կներգրավվեն, եթե առճակատումը շարունակվի։ Դրա հետ մեկտեղ մնում է միակ ճանապարհը. դե նայեք քաղաքացիական օդանավերի շարժին։ Ինչպե՞ս են նրանք հիմա թռչում։ Այս նեղ շարանը՝ Հարավային Կովկասի և Թուրքիայի միջով։ Սրանք այն հաջորդ հարցերն են, որոնք ամերիկացիները կփորձեն ակտիվացնել։ Հարավային Կովկասն ու Թուրքիան։ Թե որ մեկից կսկսեն՝ չգիտեմ։

Սակայն ակնհայտ է, որ դիմակայությունն էլ ավելի ընդլայնելու փորձ կլինի։ Դրան կարելի է հասնել Իսրայելի գործողությունների հաշվին։ Դրան կարելի է հասնել Թուրքիայում և Ադրբեջանում ազգայնական տրամադրությունների ակտիվացման հաշվին։ Այստեղ հարցն այն է, թե ինչպես դա անել։ Դրանք մեխանիզմներ են։ Բայց գլխավորն ընդհանուր միտումն է՝ առճակատման տարածման միտումը»,- եզրափակել է նա։

News.am