Ադրբեջանը պայքարում է արցախահայության ինքնության դեմ՝ Հայաստանի իշխանությունների ակտիվ մասնակցությամբ։ Այս մասին ապրիլի 21-ին «Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը» կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախկին օմբուդսմեն և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշել է, որ արցախահայերի նկատմամբ էթնիկական ճնշումները ավելի քան 100 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանության շարունակությունն են։
Բեգլարյանի համոզմամբ՝ Ադրբեջանի գործողությունների շարժիչ ուժը հայատյաց գաղափարախոսությունն է, որի վրա էլ հենց հենված է նրանց ողջ քաղաքականությունը։
Նախկին պետնախարարը արցախահայերի ցեղասպանությունը բաժանել է մի քանի փուլերի։
Առաջին փուլն ընդգրկում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ռազմական ագրեսիայի ժամանակահատվածը։
Երկրորդ փուլը ներառում է 2020 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի դեկտեմբերն ընկած շրջանը, որն ուղեկցվել է Արցախում հայկական հետքը ջնջելու փորձերով և Արցախի մնացյալ հատվածի բռնազավթմանն ուղղված ծրագրերի մշակմամբ։
Երրորդ փուլն ընդգրկում է Արցախի շրջափակումը։
Չորրորդ փուլն ընդգրկում է 2023 թվականի ռազմական ագրեսիան և արցախահայության բռնի տեղահանումը։
Բեգլարյանի եզրակացմամբ՝ հինգերորդ փուլը շարունակվում է մինչ օրս և նպատակ ունի յուրացնել արցախահայության ժառանգությունն ու գույքը, կանխել նրանց վերադարձը հայրենիք և պայքարել հավաքական հիշողության դեմ, ինչին, ցավոք, նպաստում են նաև Հայաստանի իշխանությունները։
Նա հավելել է, որ Ադրբեջանը միաժամանակ պայքարում է հայկական ինքնության դեմ, ինչի հարցում պաշտոնական Երևանը նույնպես օգնում է նրանց։
News.am
