Логотип

Բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը կտեղադրվի Երևանում

Երևանի Մոսկովյան փողոցում կտեղադրվի հայ մեծանուն բարերար, ծնունդով արցախցի Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Նման որոշում կայացրեց Երևան քաղաքի ավագանին։

Սա օրակարգի չզեկուցվող հարցերից էր։

Այն տեղադրվելու է Մոսկովյան փողոցի 31 հասցեում։

Հուշատախտակը փակցնելու միջնորդությունը ներկայացրել է ՀՀ քաղաքացի Ալեքսան Բաբայանը: Հուշատախտակի տեղադրման ֆինանսական ծախսերը կատարվելու է ընտանիքի կողմից:

Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949 թվականի մարտի 12-ին Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, աշխատել է որպես լրագրող, հիմնել է «Սոբեսեդնիկ» հրատարակչատունը։

Զբաղվել է նավթի վաճառքի հետ կապված բիզնեսով։ Ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում։ Համարվել է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում: 2000-2002թթ. գործարարի միջոցներով վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար): 2007 թվականին Լևոն Հայրապետյանը ֆինանսավորել է 2,5 միլիոն խմ տարողությամբ ջրամբարի կառուցումը Խաչեն գետի վրա։

2008 թվականի հոկտեմբերի 16-ին, ԼՂՀ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպել է նորապսակների համատեղ պսակադրություն։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվել է Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։ Հայրենի Վանք գյուղում Լևոն Հայրապետյանը հիմնել է հյուրանոցային համալիրներ, բանկեր, հանդիսությունների սրահ, բարեկարգել է Արցախի կենդանաբանական և բուսաբանական այգիները, վերակառուցել է Արցախի բազմաթիվ միջպետական և հանրապետական ավտոճանապարհներ։ 2011 թվականին Հայրապետյանը պարգևատրվել է Պատվո շքանշան պարգևով:

2014 թվականի հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է, ուր նա ժամանել էր Մոնակոյից։ Լևոն Հայրապետյանը մահացել է 2017թ. հոկտեմբերի 18-ին:

Sputnik Արմենիա