Логотип

Շտապբուժօգնության աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան ապրիլից

Շտապբուժօգնության աշխատակիցների աշխատավարձները կբարձրանան ապրիլ ամսից, իսկ մարտի համար հավելավճար կտրվի, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։

Ըստ նրա՝ ծառայության բժիշկները, բուժքույրերն ու բուժակներն ապրիլից կստանան 20%-ով ավել աշխատավարձ, գծային բրիգադները և վարորդները՝ 30%, իսկ բուժակների և հոգեբուժական բրիգադները՝ 25%։

Նա նշել է, որ մեկ կանչի արժեքը դարձել է 11 000 դրամ՝ 8000-ի փոխարեն։ Կարապետյանն Armenia Today-ին հստակեցրել է, որ այս գումարը քաղաքացու 9-րդ կանչի համար վճարվող 10 000 դրամի հետ կապ չունի։

Ապրիլի 10-ին Կարապետյանն Armenia Today-ին հայտնել էր՝ երբ և ինչքան կբարձրանան աշխատավարձերը։ Աշխատավարձերի բարձրացում Շտապօգնության ծառայությունում խոստացվել էր հունվարի 15-ին։ Մարտի 16-ի գործակարգավարական նիստում Առողջապահության վարչության պետը հաստատել էր, որ աշխատավարձերի բարձրացում չի իրականացվել ու պարզ չի, թե երբ կլինի։ Շտապօգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանն Armenia Today-ին վստահեցրել էր, որ գործընթացն ընթացքի մեջ է։