Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստի նախաշեմին ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպում է անցկացրել գործընկերների՝ Վեհաժողովի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, հայտնում է ՌԴ Պետդումայի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության, հանդիպմանը մասնակցել են Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Իգոր Սերգեենկոն, Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովը, Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Կենեշի նախագահ Մարլեն Մամատալիևը և Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի օլիի Մաջլիսի նամոյանդագոնի նախագահ Ֆայզալի Իդիզոդան։
Դատելով հաղորդագրությունից՝ Հայաստանը չի մասնակցել։
Քննարկվել է ապրիլի 20-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի նախապատրաստումը։ Օրակարգում են Կազմակերպության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու հարցերը, ինչպես նաև Վեհաժողովի խորհրդի հայտարարության նախագիծը՝ կազմավորման 20-ամյակի առթիվ։
Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է։
News.am
