Ադրբեջանի կառավարությունը որոշում է ընդունել Կասպից ծովում արհեստական հողատարածքներ ստեղծելու մասին։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, վարչապետ Ալի Ասադովն արդեն ստորագրել է ջրային ֆոնդից համապատասխան հողատարածքներ հատկացնելու մասին փաստաթուղթը։
Ըստ որոշման՝ Բաքվի Սաբունչիի շրջանի Նարդարան ավանում՝ «Sea Breeze Resort» հանգստի գոտու տարածքում, նախատեսվում է կառուցել բնակելի և հասարակական նշանակության օբյեկտներ։ Այդ նպատակով ափամերձ գոտում կստեղծվեն երկու արհեստական կղզիներ, որոնցից մեկը կունենա ուղղանկյուն, իսկ մյուսը՝ նավի տեսք։
Այս նպատակով ջրային ֆոնդից հատկացվել է ընդհանուր 55,08 հեկտար տարածք։ Դրա մեջ մտնում է Կասպից ծովի ադրբեջանական հատվածի 46 հեկտար ջրային տարածքը և 9,08 հեկտար ափամերձ գոտին (20-ից 50 մետր լայնությամբ)։
Հարկ է նշել, որ «Sea Breeze Resort» հանգստի գոտին պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսային՝ Էմին Ագալարովին։
News.am
