Логотип

Հայոց եկեղեցու նշանակած եկեղեցականների մուտքը ՔԿՀ-ներ արգելվել է. Մայր աթոռը դատապարտում է

Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր արգելվել է։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Մայր աթոռից նշում են, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը փաստացի դադարեցվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի հրամանով։

«Միևնույն ժամանակ, շրջանցելով Մայր աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր: Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված ու հակաեկեղեցական արշավն է՝ սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաև ՀՀ զինված ուժերում և կրթական ոլորտում»,– ասված է հայտարարության մեջ։

Մայր աթոռի տեղեկատվական համակարգը վկայակոչել է ՀՀ օրենսդրությունը, ըստ որի` քրեակատարողական հիմնարկներում Հայ եկեղեցու հոգեխնամ առաքելությունը համարվում է որպես ազգային եկեղեցու մենաշնորհ և օրենքի ուժով երաշխավորում է պետության կողմից այդ գործունեությանը չխոչընդոտելու պարտականությունը:

«Մերժելի է այն փաստը, որ քրեակատարողական ծառայության պետը, անտեսելով իր վերադաս նախարարության և Հայոց եկեղեցու միջև կնքված պայմանագիրը, քրեակատարողական հիմնարկներում հոգեխնամ ծառայության իրականացման համար կատարել է ինքնակամ տնօրինումներ։ Օրենքների, ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու միջև կնքված պայմանագրի համաձայն` հոգեխնամ գործունեություն իրականացնող սուբյեկտը ոչ թե անհատ քահանան է, այլ՝ Հայոց եկեղեցին»,– ընդգծել են Մայր աթոռից:

Հայ առաքելական սուրբ եկեղեցին նման գործելակերպը կոպիտ միջամտություն է համարում իր ներքին կյանքին, որը կազմաքանդում է եկեղեցու կանոնակարգված ու կազմակերպված հովվական ծառայությունը՝ այն դարձնելով անհատական նախաձեռնություն և վարչական կամայականություն։

«Եկեղեցու դեմ շարունակվող այսօրինակ ապօրինի գործողությունները տարակույս չեն թողնում, որ իշխող քաղաքական ուժը հակաեկեղեցականությունը վերածել է պետական քաղաքականության, ինչը կործանարար է, որով և՝ խստագույնս դատապարտելի»,– ընդգծել են մայր աթոռից։

Մայր աթոռ սուրբ Էջմիածնից հորդորում են ՀՀ արդարադատության նախարարությանը` հարգել օրենքն ու եկեղեցական կարգը և չխոչընդոտելով եկեղեցու առաքելությունը՝ վերականգնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը։

Հիշեցնենք, որ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, ով շուրջ 16 տարի է՝ այցելում է ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց, ապրիլի 2–ին արգելվել է մուտք գործել քրեակատարողական հիմնարկ։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնել էին, որ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քաղաքական հայտարարություններ է արել՝ դրանով խախտելով նախկինում ՔԿՀ–ում մուտքի համար տրված թույլտվության պայմաններն ու նպատակները, ուստի նրան տրված թույլտվությունը դադարեցվել է։

Նշենք, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայությունը սկսվել է դեռևս 1993 թվականից՝ այն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, ներկայիս Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ։

2003 թ. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության բաժինը: Իսկ 2014 թ․ նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Արդարադատության նախարարության միջև կնքվեց պայմանգիր, որում սահմանված էին ծառայության գործունեության ոլորտը, կառուցվածքը, խնդիրներն ու նպատակները:

Sputnik Արմենիա