Логотип

Սամվել Կարապետյանի գործով նիստից առաջ կայացած երթից 17 անձ ձերբակալվել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ կայացած երթից 17 անձ ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային ասացին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսյան խճուղում երթի ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցների և ոստիկանների միջև հրմշտոց և քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանները երթի գրեթե վերջում պահանջում էին փողոցից դուրս գալ և մայթով քայլել։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ»,- նշեցին նախարարությունից։

Նշենք, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության համար առաջին դատական նիստը ապրիլի 15-ին էր, որը հետաձգվեց մինչև ապրիլի 17-ը։