Եվրամիությունն աստիճանաբար խաղաղության նախագծից վերածվում է անկարգությունների, թշնամանքի, դիմակայության նախագծի, ինչի համար պետք է ամաչի, լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Ավելի վաղ վրացական «Իմեդի» հեռուստաալիքը հաղորդել էր, որ վրացական ընդդիմադիր կուսակցությունները նոր անկարգություններ են պլանավորում երկրում: Այս անգամ «Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի» առաջնորդներից մեկը՝ Իգոր Բլաժևիչը, նկարագրել է հեղափոխական սցենար ընդդիմության համար։
«Նման բոլոր անկարգությունները ֆինանսավորվում և կազմակերպվում են Եվրամիության կողմից: Սա քաղաքակրթական անդունդ է: Ի՞նչն է ավելի ամոթալի, քան Եվրամիության աստիճանական վերափոխվելը խաղաղության նախագծից անկարգությունների, թշնամանքի և դիմակայության նախագծի: Այս պատմության հրապարակումը ևս մեկ ամոթ է Եվրամիության համար»,- ասել է Պապուաշվիլին։
Վրացի քաղաքական գործչի խոսքով՝ նա մանրակրկիտ կուսումնասիրի չեխական կազմակերպության մասնակցությամբ Վրաստանում նախատեսված անկարգությունների մասին տեղեկատվությունը: Պապուաշվիլին նշել է, որ նմանատիպ գործունեությունը նախկինում ֆինանսավորվել է ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից, սակայն Դոնալդ Թրամփի և նրա թիմի իշխանության գալուց հետո Միացյալ Նահանգները փակել է մի շարք կազմակերպություններ և կտրել ֆինանսավորումը: Այժմ Բրյուսելն է զբաղվում այս ամենով։
News.am
