Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ ապահովության բարելավման 3-րդ ծրագիր» վարկային համաձայնագրին։
Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա: Ծրագիրը սկսվել է 2016–ին և նախատեսված է մինչև 2027–ի սեպտեմբերի 30-ը: Այս ծրագիրը արդյունքահեն է, ինչը ենթադրում է, որ համապատասխան ֆինանսական միջոցները ՀՀ–ին տրամադրվում են վարկային պայմանագրով նախատեսված արդյունքների ապահովման պարագայում։
Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20 000 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Նախատեսված է նաև ՀՀ սեյսմիկ շինարարական նորմերի վերանայում, սեյսմակայուն շինարարության ուղեցույցի մշակում, 1:500000 սեյսմիկ վտանգների քարտեզի մշակում, սեյսմիկ պաշտպանության ազգային դիտացանցի արդիականացում և 15 մասնագետների վերապատրաստում, շինարարության բնագավառում աշխատող 100 մասնագետի վերապատրաստում՝ սեյսմակայուն շինարարության բնագավառի վերաբերյալ և այլ գործառույթներ:
Ծրագրի շրջանակներում մինչ այժմ ավարտվել են 28 դպրոցների կառուցման աշխատանքները։ Ներկայումս ընթանում են 18 դպրոցների շինարարական աշխատանքներ։
Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը 2 անգամ հատկացվել են վարկային միջոցներ «Սեյսմիկ ապահովության բարելավման 1-ին ծրագիր» SSIP-1 և «Սեյսմիկ ապահովության բարելավման 2-րդ ծրագիր» SSIP-2 վարկային ծրագրերով։
«Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրի» շրջանակում նախատեսվում է ներգրավել ցանկով նախատեսված ևս 50 դպրոցների կառուցման աշխատանքներ, որի մոտավոր արժեքը կազմում է 366 մլն դոլար, որից՝ ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորման ծախսերը կազմում են 73 մլն ԱՄՆ դոլար (19.9%), իսկ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորումը կազմում է 293 մլն դոլար (80․1%):
News.am
