«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։
Միաժամանակ դատարանը Սամվել Կարապետյանին թույլ տվեց հարցազրույցներ տալ։
Նախորդ դատական նիստի ժամանակ դատախազ Արգամ Դալլաքյանը միջնորդել էր ևս երեք ամսով երկարացնել Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը, իսկ պաշտպանության կողմը պահանջել էր վերացնել այն։ Փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանին առաջարկել էր արդեն իսկ կիրառված 4 մլրդ դրամի չափով գրավին ևս 400 մլն ավելացնել և առանց սարքի վարչական հսկողություն կիրառել։
Սամվել Կարապետյանն այսօր ելույթ ունեցավ դատարանում և նշեց, որ իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները վիրավորական է համարում։
«Կյանքումս միշտ անձամբ եմ պատասխան տվել թե՛ իմ խոսքերի, թե՛ իմ արարքների համար, ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետևում։ Այս բոլոր քննարկումները, մեղադրանքները նույնիսկ վիրավորական եմ համարում։ Ես բացարձակ կապ չունեմ այս քննարկումների հետ, բացարձակ չեմ ճանաչում այդ մարդկանց, որոնց մասին այսօր խոսվում է։ Այն մարդիկ, որոնք աշխատում են մեր ընկերություններում, նրանք մեր գործընկերներ են համարվում, ոչ թե ստրուկներ։ Նրանք, իրենց կանայք, երեխաները իրավունք ունեն զբաղվել ցանկացած գործունեությամբ, նրանց միակ պարտականությունը պատվով կատարել այն հանձնարարությունները, որոնք մենք դնում ենք իրենց առաջ, դրանից դուրս բոլորը իրավունք ունեն ցանկացած գործունեությամբ զբաղվել»,– ասաց նա։
Սամվել Կարապետյանի գործով դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 30–ին` ժամը 14:00–ին։
Sputnik Արմենիա
