Մենք պետք է հասկանանք, որ մեր առաջ մենք ունենք մի քանի կարևոր խնդիր լուծելու, որը հենց դառնալու է մեր նախընտրական ծրագրի միջուկը։ Այս մասին Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարում հայտարարել է կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ «առաջին խնդիրը խաղաղության հաստատումն է, իսկապես խաղաղության, ինքնիշխան խաղաղության հաստատումը, որը չի արվում ներկայիս իշխանությունների կողմից»։
«Այն, ինչ նրանց կողմից մատուցվում է որպես խաղաղություն, կեղծիք է։ Դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ։
Երկրորդ կարևոր խնդիրը, որ մեր Հայաստանի կառավարման ծրագիրը պետք է լուծի, դա այն է, որ Հայաստանում մենք չպետք է թույլ տանք հիբրիդային պատերազմ», – ընդգծել է Զուրաբյանը։
Քաղաքական գործչի խոսքով՝ սա այսօր Հայաստանի առջև ծառացած ամենամեծ վտանգներից մեկն է։
«Այդ վտանգը կապված է նրա հետ, որ մենք ունենք այսօր թույլ իշխանություններ, որոնք խոցելի են, ըստ էության այլևս լեգիտիմ չեն՝ իրենց բոլոր այս արարքներից հետո և իրենց իշխանությունը հենում են օտարածին օրակարգերի սպասարկման վրա։ Բայց մենք հիբրիդային պատերազմ չպետք է թույլ տանք՝ ոչ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, ոչ էլ որևէ այլ գերտերությունների միջև։ Հայաստանը դա այն երկիրն է, որտեղ ոչ ոք իրավունք չունի կռվել իր ազդեցության համար։ Կամ էլ, եթե կռվում է իր ազդեցության համար, ապա կռվում և մրցակցում է ներդրումներով, օգնություններով և մեզ հետ լավ հարաբերությունների հաստատմամբ», – նշել է Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ երրորդ խնդիրը, որը Հայաստանին խիստ անհրաժեշտ է լուծել այս «փոթորկալից» աշխարհում, կայուն էներգետիկան է և երկրի կարևորագույն հարստություններից մեկի՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը։
News.am
