Логотип

Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին

Վարչական դատարանը՝ դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ, բավարարել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ հայցն՝ ընդդեմ կառավարության՝ ճանաչելով ՀՀ կառավարության առաջարկության հիման վրա վերջինիս հետ համաձայնեցված կարգով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 70% բաժնեմասի՝ հայցվորի կողմից օտարվելու հնարավորության իրավահարաբերության առկայությունը մինչև 25.05.2026 թվականն ընկած ժամանակահատվածը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս հայցի շրջանակներում դատարանը նաև մասնակիորեն բավարարել էր հայցի ապահովման միջնորդությունը՝ ժամանակավորապես ճանաչելով Կառավարության առաջարկության հիման վրա համաձայնեցված կարգով ՀԷՑ-ի 70% բաժնեմասը օտարելու հնարավորությունը և մինչև մայիսի 25-ը կասեցնելով եռամսյա ժամկետը, որի ընթացքում պետք է իրականացվի վաճառքը։

Հիշեցնենք, որ «ՀԷՑ» ՓԲԸ-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30․08․2002 թվականի թիվ 56-Ա որոշմամբ տրված լիցենզիայի հիման վրա զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ, իսկ 21․12․2018 թվականի թիվ 748Ա որոշմամբ տրված լիցենզիայի հիման վրա՝ նաև էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարմամբ։ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մոտ 70% բաժնեմասի սեփականատերը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 17.11.2025 թ. թիվ 377-Ա որոշմամբ դադարեցվել է ՀԷՑ-ի՝ էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման թիվ 0092 լիցենզիայի գործողությունը՝ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Կառավարության անունից հայցվորին և «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ մյուս բաժնետիրոջը՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը, առաջարկել է «ՀԷՑ» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը օտարել ՀՀ-ին։ Նախարարի վերոհիշյալ գրությամբ նշվել է նաև հետևյալը․ «Խնդրում ենք ներկայացված առաջարկությանը պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան «Էներգետիկայի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եռամսյա ժամկետի ավարտը, այն է՝ սույն թվականի փետրվարի 21-ը։ Նշված ժամկետում պատասխան չներկայացնելը կդիտվի որպես Կառավարության կողմից ներկայացված առաջարկի մերժում»։ Սակայն «Տաշիր Կապիտալ» ընկերությունը նշված գրությունն ստացել է նախարարի ամրագրած վերջնաժամկետից օրեր անց՝ փետրվարի 25-ին, հետևապես ցանկության դեպքում չէր կարող մինչև փետրվարի 21-ը պատասխանել։

«Տաշիր Կապիտալը» դիմելով դատարան, ըստ էության, պահանջում էր, որ հարգվի կառավարության առաջարկին պատասխանելու եռամսյա ժամկետը, որը պետք է հաշվարկել գրությունը պաշտոնապես ստանալու օրվանից, այն է՝ փետրվարի 25-ից։

«Ընկերությունը Կառավարության առաջարկությունը փոստով ստանալով 25․02․2026 թվականին, առհասարակ զրկվել է առաջարկության վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, բանակցելուց և արդյունքում իր գույքը փոխադարձ համաձայնությամբ օտարելու հնարավորությունից»,- նշել է հայցվորը՝ փաստելով, որ անհամաչափ կերպով սահմանափակվել է հայցվորի սեփականության իրավունքը՝ վերջինս զրկվել է իր գույքը Կառավարության հետ փոխադարձ համաձայնությամբ օտարելու հնարավորությունից։

Դատարանը բավարարել է հայցը՝ արձանագրելով, որ այն հիմնավոր է։ Դատարանի գնահատմամբ անձի որոշակի իրավունք իրագործելու կամ պարտականություն սահմանելու ժամկետը սկսում է իր ընթացքը ոչ թե ձևական նշանակման պահից, այլ այն պահից, երբ անձը պատշաճ կերպով տեղեկացվել է իր վրա դրված պարտականության կամ իր իրավունքի իրացման հնարավորության մասին և ողջամիտ ժամկետում հնարավորություն է ունեցել իրացնել այդ իրավունքները և պարտականությունները։ Հակառակ դեպքում խախտվում է իրավական որոշակիության և արդարության սկզբունքը, քանի որ անձն օբյեկտիվորեն զրկվում է իր իրավունքները իրացնելու հնարավորությունից։ Տվյալ դեպքում պատասխանողի 17.02.2026 թվականի թիվ ԴԽ/21.1/5614-2026 գրությամբ սահմանված ժամկետից հետևում է, որ եռամսյա ժամկետը հաշվարկվել է լիցենզիայի գործողությունը դադարեցվելու օրվանից, մինչդեռ Ընկերությունը չէր կարող մինչև 21.02.2026 թվականը ներկայացնել պատասխան, քանի որ առաջարկի մասին տեղեկացել է միայն 25.02.2026 թվականին, այսինքն՝ ժամկետի ավարտից հետո։

«Այս հանգամանքը նշանակում է, որ սահմանված ժամկետը չի կարող ունենալ որևէ իրավական հետևանք ընկերության համար, քանի որ այն չի եղել իրականում կիրառելի։ Իրավաբանական տեսանկյունից նման ժամկետը համարվում է ոչ արդյունավետ (ineffective) և չի կարող առաջացնել պրեկլյուզիվ հետևանքներ, այսինքն՝ չի կարող հանգեցնել իրավունքների կորստի։ Ավելին՝ վարչական մարմինը պարտավոր էր ապահովել, որ ծանուցումը հասնի հասցեատիրոջն այնպիսի ժամանակահատվածում, որը հնարավորություն կտար վերջինիս ողջամիտ ժամկետում պատրաստել և ներկայացնել իր դիրքորոշումը և, եթե ծանուցումը ստացվել է ժամկետի ավարտից հետո, ապա վարչական մարմինը պետք է կամ վերականգներ ժամկետը, կամ սահմաներ նոր ողջամիտ ժամկետ»,- նշել է դատարանը՝ արձանագրելով, որ այդպիսի գործողությունների բացակայությունը վկայում է ընթացակարգային խախտման մասին, որը ինքնին կարող է հիմք հանդիսանալ վարչական ակտն անվավեր ճանաչելու համար։ Դատարանն արձանագրել է, որ օրենքով նախատեսված առավել խիստ միջոցների՝ այդ թվում հարկադիր օտարման կիրառումը տվյալ պայմաններում կդիտվի ոչ միայն վաղաժամ, այլ նաև անհամաչափ միջամտություն սեփականության իրավունքին։

«Ամփոփելով պետք է ընդգծել, որ Ընկերության կողմից պատասխան չներկայացնելը տվյալ դեպքում պայմանավորված է ոչ թե անգործությամբ կամ անբարեխիղճ վարքագծով, այլ օբյեկտիվ անհնարինությամբ՝ պայմանավորված ժամկետի սխալ հաշվարկմամբ և ծանուցման ուշ ստացմամբ, ուստի նման պայմաններում Ընկերությունը չի կարող կրել բացասական իրավական հետևանքներ, իսկ վարչական մարմնի կողմից հակառակ դիրքորոշումը կհակասի ինչպես վարչական իրավունքի սկզբունքներին, այնպես էլ սեփականության իրավունքի սահմանադրական պաշտպանությանը: »,- նշել է դատարանը:

Դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ հայցը բավարարելու համար հիմք է ընդունվում նաև այն հանգամանքը, որ պատասխանողը չի ներկայացրել լիցենզիայից զրկված անձի ընկերության բաժնետոմսերը համաձայնեցված կարգով օտարելու եռամսյա ժամկետի հաշվարկի ժամկետների վերաբերյալ իրավական դիրքորոշում, որպիսի հանգամանքը Դատարանը գնահատում է որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում: