«Մոսադն» ու Ադրբեջանի հետախուզությունը վնասազերծել են «Բաքու–Թբիլիսի–Ջեյհան» գազամուղի վրա դիվերսիա պլանավորած հանցավոր խմբին։ Խմբի թիրախում են եղել նաև Բաքվում Իսրայելի դեսպանատունն ու տեղի սինագոգը։ Այս մասին նշված է «Մոսադի», ՑԱԽԱԼ-ի և «ՇԱԲԱԿ»-ի համատեղ հայտարարության մեջ։
Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են մահապարտ-անօդաչուների բաղադրիչներ և պայթուցիկ նյութեր։ Իսրայելական հատուկ ծառայությունների փոխանցմամբ՝ հարցաքննության ժամանակ կասկածյալները խոստովանել են, որ գործել են Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) հրահանգով։
Հայտարարության համաձայն՝ խմբավորումն ԻՀՊԿ-ի առավել ընդգրկուն կառույցի մասն է, որը գլխավորել է 4000 հատուկ գործողությունների բաժնի ղեկավար Ռահման Մաքադամը։ Իսրայելական կողմը պնդում է, որ գործունեությունն իրականացվել է ԻՀՊԿ հետախուզության պետ Մաջիդ Խադեմիի իմացությամբ։ Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) տվյալների՝ երկուսն էլ սպանվել են «Առյուծի մռնչոց» գործողության ընթացքում (2026 թ. փետրվար–ապրիլ)։ Այս կառույցի առանցքային օպերատիվ գործիչ է նշվում նաև Մոհսեն Սուրին, որը նույնպես զոհվել է ավիահարվածի ժամանակ։
Բացի այդ, հայտարարության մեջ հիշատակվում է ԻՀՊԿ սպա Մեհդի Յեհա-Դեհքանը («Դոկտոր»), որին իսրայելական կողմը կապում է Թուրքիայի տարածքով դեպի Կիպրոս անօդաչու թռչող սարքերի տեղափոխման և ամերիկյան «Ինջիրլիք» ավիաբազայի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման հետ։
News.am
