Թուրքիայում քաղաքական մեծ աղմուկ է բարձրացել Անթալիայի դիվանագիտական համաժողովում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքի ելույթից հետո։ Այս մասին գրում է Aydınlık պարբերականը։
Թուրքական ընդդիմությունը պահանջում է դիվանագետին ճանաչել որպես «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ)։ Դժգոհության պատճառը դեսպանի այն պնդումն է, թե Մերձավոր Արևելքում առավել կենսունակ են կամ միապետությունները, կամ «ուժեղ առաջնորդի» համակարգերը, մինչդեռ ժողովրդավարական ուղի ընտրած երկրներն իբր ձախողումներ են կրում։
Այս հայտարարությունը կոշտ արձագանք է ստացել, քանի որ Թուրքիան պաշտոնապես իրեն հռչակել է ժողովրդավարական պետություն՝ հրաժարվելով միապետական անցյալից։
Պարբերականի տեղեկություններով՝ Բարաքի ելույթից հետո նրա հասցեին մեղադրանքներ են հնչել երկրի ներքին գործերին միջամտելու համար։ Որոշ շրջանականեր նշել են, որ ցանկանում են նրան արտաքսել Թուրքիայից։
Դեսպանը նաև կարծիք է հայտնել, թե տարածաշրջանի երկրները պետք է սեփական խնդիրները լուծեն ինքնուրույն՝ առանց ԱՄՆ-ի միջամտության, և նշել է, որ ուժային ճանապարհով առանձին քաղաքական ու ռազմական կառույցների վերացումն անհնար է։
Ավելի վաղ Բարաքն արդեն հայտնվել էր քննադատության թիրախում՝ S-400 համակարգերի և Թուրքիայի պաշտպանական քաղաքականության հնարավոր փոփոխությունների մասին իր հայտարարությունների, ինչպես նաև Անկարայի և Թել Ավիվի տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ մեկնաբանությունների պատճառով։
News.am
